Եվրախորհրդարանի՝ Թուրքիայի գծով զեկուցողը Բաղըշի «բերանը փակել է»

Թուրքիայի գծով Եվրախորհրդարանի զեկուցող Ռիա Օոմեն Ռուիյտենը հոկտեմբերի 30-ին Անկարայում թուրք պաշտոնյաների հետ հանդիպմանն ասել է, որ Եվրամիության հետ կապերի հարցերով Թուրքիայի նախարար Էգեմեն Բաղըշը ԵՄ պաշտոնյաների մասին խոսելիս «պետք է հետևի իր բառապաշարին», հաղորդում է Today’s Zaman-ը:

Cihan լրատվական գործակալության հետ զրույցում Ռուիյտենն ասել է, որ Բաղըշը ԵՄ պաշտոնյաներին երբեմն դժվար դրության մեջ է դնում և քննադատել է նախարարի՝ իրենց հասցեագրված «կոպիտ բառապաշարը»:

Եվրոպացի խորհրդարանականները դատապարտել էին Թուրքիային՝ ամռանը Գեզիի ցույցերի ժամանակ ոստիկանության կոպիտ գործողությունների համար, ինչին ի պատասխան Բաղըշն ասել էր, որ եվրոպացի պաշտոնյաները «անպատասխանատու» և «անհեթեթ» հայտարարություններ են անում՝ «մամուլի ուշադրությունը գրավելու համար»:

«Որոշ պատգամավորներ պիտի հասկանան, որ Թուրքիայի ներքին գործերին վերաբերող նման մտքերի ազատ և հանգիստ բարձրաձայնման համար պետք է վճարել, – ասել էր Բաղըշը հունիսի կեսին, երբ ցույցերը Թուրքիայում դեռ շարունակվում էին: – Թուրքիան «բանանային» պետություն չէ»:

2013թ. մայիս-հունիս ամիսներին Ստամբուլի Գեզի զբոսայգում տեղի ունեցան բողոքի լայնամասշտաբ ակցիաներ՝ ուղղված ծառահատումների և այգու վերակառուցման դեմ: Սկզբնապես ծագելով որպես բնապահպանական շարժում՝ Գեզիի ցույցերը վերածվեցին բողոքի մեծ ալիքի, որը տարածվեց երկրով մեկ:

«Թուրքիայի ԵՄ հարցերով նախարարը երբեմն մեր գործը դժվարացնում է», – ասել է Ռուիյտենը Cihan-ին: – Նա օգտագործում է կոպիտ բառապաշար, և անձամբ ինձանից արձագանք կստանա, եթե իմ հասցեին կոպիտ արտահայտություններ թույլ տա»:

Եվրախորհրդարանի զեկուցողը նաև ասել է, որ իր բողոքն անձամբ հայտնել է նաև Բաղըշին:

«Ես ասել եմ Բաղըշին, որ նա կարող է այս կարգի բառապաշար օգտագործել ներքին քաղաքականության մեջ, և որ նման արտահայտությունները Եվրոպայում բացասական արձագանք են ունենում», – եզրափակել է Ռուիյտենը՝ հավելելով, որ Թուրքիան և միությունը բազմաթիվ ընդհանուր շահեր ունեն:

Ռիա Օոմեն Ռուիյտենի այցելությունն Անկարա հետևել է հոկտեմբերի կեսին Թուրքիայի վերաբերյալ ԵՄ Առաջընթացի զեկույցի հրապարակմանը:

Մեկնաբանել