Ռուսաստանի ԱԳՆ-ն անթույլատրելի է համարում Գ. Լեպսի հետ կապված իրավիճակը

Ռուսաստանի ԱԳՆ-ն, մեկնաբանելով ռուս երգիչ Գրիգորի Լեպսի հետ կապված իրավիճակը, հայտարարել է, որ անթույլատրելի է համարել Միացյալ Նահանգների կողմից անմեղության կանխավարկածի սկզբունքի խախտումը, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:

«Հարցը, թե մեղավո՞ր է արդյոք Ռուսաստանի քաղաքացին ինչ-որ բանում, թե ոչ, պետք է որոշվի մեր երկրում՝ ռուսական դատաիրավական համակարգի շրջանակում: Այդ պատճառով սկզբունքորեն անթույլատրելի է իրավիճակը, երբ այդ դերն իր վրա է վերցնում ԱՄՆ-ն»,- ասել է ՌԴ ԱԳՆ-ի՝ մարդու իրավունքների և ժողովրդավարության հարցերով լիազոր հանձնակատար Կոնստանտին Դոլգովը:

Ի պաշտպանություն Լեպսի՝ ավելի վաղ հանդես է եկել նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ անվանելով նրան «ռուսների սիրելի երգիչ»: Պեսկովը հիշեցրել է, որ Լեպսը 2012թ. ընտրություններին եղել է Պուտինի վստահված անձը և խոստացել, որ Մոսկվան կպաշտպանի նրա շահերը:

ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությունը պատժամիջոցներ է սահմանել վեց մարդու և չորս ընկերության նկատամամբ, որոնք, համաձայն Միացյալ Նահանգների իշխանությունների, կապված են «Եղբայրական օղակ» կազմակերպության հետ, որը բնութագրվում է` որպես եվրասիական հանցավոր սինդիկատ: Ցուցակում է նաև ռուսաստանցի հայտնի երգիչ Գրիգորի Լեպսը:

Ինչպես ասված է ԱՄՆ-ի ֆինանսների նախարարության տարածած հաղորդագրությունում, այդ մարդիկ և ընկերությունները կապված են Վլադիսլավ Լեոնտևի և Գաֆուր Ռահիմովի հետ, որոնք Միացյալ Նահանգների իշխանությունների խոսքով` «Եղբայրական օղակի» հանգուցային անդամներ են: ԱՄՆ-ի իշխանությունները Գրիգորի Լեպսին կասկածում են Լեոնտևի համար գումարներ փոխանցելու մեջ: Ինքը` Գրիգորի Լեպսը, այս մեղադրանքներն աբսուրդ է համարում:

Մեկնաբանել