Հանրային խորհրդում քննարկվել է «Զվարթնոցի» կլոր շենքի հարցը

Հանրային խորհրդում (ՀԽ) հոկտեմբերի 31-ին տեղի է ունեցել փոքր խորհրդի նիստ, որի օրակարգային գլխավոր հարցը եղել է «Զվարթնոց» օդանավակայանի հին ուղևորային համալիրի (կլոր շենք) հետագա ճակատագիրը, հաղորդում են խորհրդի մամուլի ծառայությունից:

Հարցի քննարկմանը մասնակցել են նաև Քաղավիացիայի գլխավոր վարչության պետ Արտյոմ Մովսեսյանը, «Զվարթնոց» օդանավակայանի գլխավոր տնօրեն Մարսելո Վենդեն, օդանավակայանի ենթակառուցվածքների տնօրեն Լուկաս Մոնսալոն, օդանավակայանի տեխնիկական տնօրեն Աշոտ Միրզոյանը, ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայության սեյսմակայուն շինարարության կենտրոնի ղեկավար Զավեն Խլղաթյանը:

ՀԽ նախագահ Վազգեն Մանուկյանը նախ հիշեցրել է, որ Քաղավիացիայի գլխավոր վարչությունը օգոստոսին դիմել էր ՀԽ` առաջարկելով հարցը քննարկել, և կառույցը քանդելու վերաբերյալ բացասական որոշումներ էին կայացվել, միաժամանակ ներկայացվել էին առաջարկներ դրա պահպանման, հետագա օգտագործման և այլ հարցերի վերաբերյալ:

Հետագա առավել խորքային ու համակողմանի քննարկումների համար անհրաժեշտություն էր առաջացել օդանավակայանի ղեկավարության կողմից ստանալ և ուսումնասիրել որոշակի փաստաթղթեր:

Քաղավիացիայի գլխավոր վարչության պետ Արտյոմ Մովսեսյանը հայտնել է, որ իրենց կողմից Հանրային խորհուրդ դիմելը պայմանավորված է եղել գործընթացը թափանցիկ իրականացնելու և հանրության տեսակետը լսելու հանգամանքով:

Օդանավակայանի գլխավոր տնօրեն Մարսելո Վենդեի խոսքով` երբ 2002թ. կառավարության և ընկերության միջև կնքվել է կոնցեսիոն պայմանագիր, նախևառաջ կառավարության առջև հարց է դրվել` ստեղծել նոր ուղևորային համալի՞ր, թե՞ վերակառուցել հինը: Կառավարությունը կողմ է եղել նորի կառուցմանը: Կառուցվել է երկուսուկես միլիոն ուղևորափոխադրումների համար նախատեսված համալիր` չնայած որ ուղևորների թիվն այդ ժամանակ եղել է 600-700 հազ.: Այժմ, ըստ Մարսելո Վենդեի, նոր ուղևորային համալիրն ընդլայնելու խնդիր է առաջացել:

Նա նաև հայտնել է, որ 2002թ. իրենց կողմից հրավիրվել են արտասահմանյան մասնագետներ, որոնք ուսումնասիրություններ են կատարել հին ուղևորային համալիրում և փաստել, որ անգամ այդ ժամանակ կառույցի շինարարությունը չի համապատասխանել որոշակի չափանիշների, այդ պատճառով էլ արագ հայտնվել է նման վատ վիճակում: Վենդեն, սակայն, չի հստակեցրել, թե ինչ կազմակերպությունների մասին է խոսքը:

Նա նաև ընդգծել է, որ հին ուղևորային համալիրն այլևս հնարավոր չէ ծառայեցնել իր նպատակին, և առավել նպատակահարմար է նոր մասնաշենքի ընդլայնումը:

Հարցին, թե ինչու է օդանավակայանի ընդլայնումն իրականացվելու հատկապես հին համալիրի ուղղությամբ, պարզաբանվել է, թե հակառակ դեպքում անհրաժեշտություն կառաջանա փոխելու օդանավակայանի ամբողջ կառուցվածքը, ինչը մեծ ծախսերի հետ է կապված:

Նաև նշվել է, որ հին ուղևորային համալիրի տարածքն անհրաժեշտ է միայն որպես նոր օդանավակայանի շարունակություն կառուցելու և օգտագործելու նպատակով, և կլոր շենքը քանդելու դեպքում որևէ այլ նշանակության կառույց այնտեղ չի նախատեսվում:

Քաղավիացիայի գլխավոր վարչության պետը հայտնել է, որ հին ուղևորային համալիրը քանդելը կարժենա մոտ 2 մլն դոլար, իսկ ամրացնելը` 10-12 մլն` միաժամանակ նշելով, որ ամրացնելու պարագայում էլ հնարավոր չի լինի ամբողջությամբ պահպանել նախկին տեսքը: ՀԽ նախագահի հարցին ի պատասխան` նա ասել է, որ օդանավակայանի զարգացման այլընտրանքային տարբերակներ ֆինանսական հաշվարկների տեսանկյունից չեն արվել, սակայն նշել է, որ իրենց կողմից միակ իրատեսական տարբերակը այս պահին համարվում է զարգացումը դեպի հին ուղևորային համալիր:

Սեյսմոլոգ Զավեն Խլղաթյանը Հանրային խորհրդին տեղեկացրել է, որ շենքը կարող է դիմանալ մինչև ութ բալ ուժգնությամբ երկրաշարժին:

Իր հերթին ՀԽ քաղաքաշինության և ճարտարապետության հարցերի հանձնաժողովի նախագահ Գրիգոր Ազիզյանը, որը միաժամանակ «Հայնախագիծ» ընկերության տնօրենն է, հայտնել է, որ շենքը հնարավոր է ամրացնել, և որ ժամանակին իրենց կողմից առաջարկվել է շենքի ամրացման վեց տարբերակ:

ՀԽ կողմից հնչել է տեսակետ, որ անհրաժեշտ է ուսումնասիրել շենքի պատմամշակութային կարգավիճակը: Արտյոմ Մովսեսյանը, սակայն, փաստել է, որ այսօր կառույցը պատմամշակութային հուշարձանների ցանկում ներառված չէ, ուստի կառավարությունն ազատ է որոշում կայացնելու հարցում, հատկապես որ կառավարության գլխավոր նպատակը ողևորների քանակն ավելացնելն ու ոլորտը զարգացնելն է:

Որոշվել է, որ Հանրային խորհուրդն աշխատանքային կարգով (անհրաժեշտ տեղեկատվության համար գրավոր դիմելով նաև Քաղավիացիայի գլխավոր վարչության և օդանավակայանի ղեկավարությանը) կքննարկի ձեռք բերված փաստաթղթերն ու ամբողջ տեղեկատվությունը, որի հիման վրա առաջիկա օրերին կգումարի ՀԽ լիագումար նիստ և կկայացնի որոշում:

Մեկնաբանել