Ադրբեջանի քաղաքացի Օրհան Զեյնալովը, որը կասկածվում է հոկտեմբերի 10-ին Բիրյուլևոյում Եգոր Շչերբակովի սպանության մեջ և ձերբակալվել է հոկտեմբերի 15-ին, մասամբ ընդունել է իր մեղքը, հաղորդում է «ՌԻԱ նովոստի» գործակալությունը` վկայակոչելով Զեյնալովի փաստաբան Վիկտոր Անիկուշկինին:
«Իմ պաշտպանյալը տեղի ունեցածը սպանություն չի համարում, նա ինքնապաշտպանվել է, – ասել է Անիկուշկինը: – Ամեն ինչ սկսվել է լեզվակռվից, որի ընթացքում տուժածը սադրել է Զեյնալովին, ապա` հարվածել»:
Ըստ քրեական գործի` հոկտեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը Մոսկվայի Բիրյուլևո թաղամասում անհայտ անձը դանակահարել է մի երիտասարդի և փախուստի դիմել: Շչերբակովի սապնությունից հետո թաղամասի բնակիչները հոկտեմբերի 13-ին հավաքվել էին՝ պահանջելու սպանության անհապաղ հետաքննություն։ Նրանք պահանջում էին «Պոկրովսկայա» բանջարեղենի պահեստաբազայի (որում միգրանտներ են աշխատում և որտեղ, նրանց կարծիքով, կարող էր թաքնվել հանցագործը) փակումը։
Բիրյուլևոյի բնակիչների «ժողովրդական հավաքը» վերածվել էր անկարգությունների:
Սպանության մեջ կասկածվողի ինքնությունը պարզվել էր հոկտեմբերի 15-ին. նա Ադրբեջանի քաղաքացի Օրհան Զեյնալով Զահիթօղլին էր, որը նույն օրը ձերբակալվել էր: Զեյնալովին սպառնում է ընդհուպ մինչև ցմահ ազատազրկում:
Հոկտեմբերի 17-ին Զեյնալովը հրաժարվել էր ավելի վաղ արած իր խոստովանական ցուցմունքներից` դատարանում հայտարարելով, որ մեղադրանքի հետ համաձայն չէ, և որ Շչերբակովին «ինքը չէր սպանել»:
Նույն օրը Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարել էր, որ անընդունելի է հանցագործությանը «քաղաքական աստառ տալը», և որ «Օրհան Զեյնալովին առանց դատարանի հանցագործ անվանելը, ինչպես նաև նրա նկատմամբ կոպիտ վերաբերմունքը անմեղության կանխավարկածի խախտում է»: