Իշխանության կողմից անգամ ձևական փորձ չի արվում հերքել Տեր-Պետրոսյանի փաստարկները. Հրանտ Տեր-Աբրահամյան

Հայ ազգային կոնգրեսի վարչության անդամ, հրապարակախոս Հրանտ Տեր-Աբրահամյանը ՍիվիլՆեթի տաղավարում զրուցելով Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հոկտեմբերի 30-ի հոդվածի մասին, որում վերջինս հիմնավորում էր գործող նախագահ Սերժ Սարգսյանի հրաժարականի անհրաժեշտությունը, բարձրացված հարցի վերաբերյալ արձագանքները իշխանական դաշտից դուրս բավականին դրական և նույնիսկ անսպասելի դրական գնահատեց:

Միաժամանակ հրապարակախոսն ընդգծեց, որ խնդիրը ոչ միայն հրաժարական պահանջելու մեջ է, քանի որ ՀԱԿ-ն առաջին անգամ չէ, որ բարձրացնում է այդ հարցը, այլ իրողությունները, որոնք նոր են այս պահի դրությամբ՝ մասնավորապես առանձնացնելով արտաքին քաղաքական դաշտում տեղի ունեցած իրողությունները: Ըստ նրա՝ իրավիճակն աննախադեպ է, քանի որ արտաքին քաղաքական դաշտում այնպիսի ակնհայտ ձախողում, որ գրանցվեց այս տարի, երբեք չի եղել, որը չեն կարողանում վիճարկեել նույնիսկ իշխանական ուժերը: Տեր-Աբրահամյանի խոսքով՝ նույնը վերաբերում է նաև ներքին քաղաքականությանը, ուստի ցանկություն հայտնեց, որ հրաժարականի պահանջը դիտարկվի՝ որպես ներկա իրավիճակի քաղաքական գնահատական:

Նա նաև ապշեցուցիչ համարեց, որ իշխանական ուժերի կողմից անգամ ձևական փորձ չի արվում հերքել առաջին նախագահի կողմից ներկայացված փաստարկները, և հենց դա էլ ցույց է տալիս հրաժարականի պահանջի արդարացված լինելը:

Հրանտ Տեր-Աբրահամյանը նշեց, որ ժամանակն է խոսել այն գործողությունների մասին, որոնք պետք է հետևեն վերոնշյալ հայտարարությանը: «Սա միայն ասելիք չէ: Ընդհանրապես կարող ենք արձանագրել, որ Տեր-Պետրոսյանը հենց այնպես չի խոսում և եթե խոսում է, ուրեմն սա կարող ենք համարել եթե ոչ քաղաքական գործողությունների սկիզբ, ապա գործողությունների նախանշում: Ուստի կարելի է արձանագրել, որ այս խոսքից բխող գործողություն է ենթադրվում և ժամանակն է խոսել հենց դրանց մասին»,-ասաց հրապարակախոսը՝ վստահություն հայտնելով, որ հասարակությունը նույնպես պատրաստ է այդ գործողություններին:

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ: