Տաջիկստանում նախագահ են ընտրում

Տաջիկստանում նոյեմբերի 6-ին` երկրի նախագահի ընտրությունների օրը, բացվել են ընտրատեղամասերը, հաղորդում է BBC-ն: Ինչպես ակնկալվում է, երկրի գործող նախագահ Էմոմալի Ռահմոնը կվերընտրվի նոր յոթամյա ժամկետով:

Ընտրատեղամասերն ընտրողների համար բաց են լինելու տեղի ժամանակով ժամը 06:00-ից մինչև 20:00-ն: Երկրում գրանցված է մոտ 4 մլն ընտրող, ևս մոտ 1,2 մլն մարդ արտագնա աշխատանքի է Ռուսաստանում:

Բացի Ռահմոնից` ընտրություններին մասնակցում է ևս հինգ թեկնածու` կոմունիստ Իսմոյիլ Տալբակովը, դեմոկրատ Սաիդջաֆար Իսմոնովը, սոցիալիստ Աբդուհալիմ Գաֆորովը, հողատեր Տոլիբեկ Բուխորիևը և Տաջիկստանի տնտեսական բարեփոխումների կուսակցության առաջնորդ Օլիմջոն Բոբոևը:

2006թ. նախագահական ընտրություններին Էմոմալի Ռահմոնը ստացել էր ընտրողների ձայների 79%-ը: Եվրամիության և ԱՄՆ-ի դիտորդները Տաջիկստանում ընտրությունները դեռ ոչ մի անգամ չեն ճանաչել ազատ ու թափանցիկ: