Լատվիայի քաղաքացիությունը կօգնի ՖԻԴԵ-ի նախագահ դառնալ. Կասպարով

Շախմատի աշխարհի նախկին չեմպիոն և ընդդիմադիր գործիչ Գարի Կասպարովը Լատվիայի քաղաքացիություն ստանալու իր խնդրանքը բացատրել է Շախմատի միջազգային ֆեդերացիայի (ՖԻԴԵ) նախագահի պաշտոնում առաջադրվելու ծրագրերով: Այս մասին հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Կասպարովի խոսքով` նախընտրական արշավի ժամանակ իրեն հարկավոր է լինելու շատ շրջագայել աշխարհով:

«Պայմաններում, երբ իմ հիմնական մրցակիցը Կալմիկիայի նախկին նախագահ Կիրսան Իլյումժինովն է` մարդ, որը ֆեդերացիան ղեկավարում է արդեն 19-րդ տարին և վայելում է Ռուսաստանի ներկայիս իշխանությունների աջակցությունը, ես չեմ կարող տեղաշարժվելու իմ ազատությունը վստահել պուտինյան ԱԳՆ-ին»,- ասված է շախմատի աշխարհի նախկին չեմպիոնի հայտարարությունում:

Նախօրեին Լատվիայի խորհրդարանի գրեթե բոլոր խմբակցությունների պատգամավորները նամակ էին ստացել Գարի Կասպարովից` իրեն հատկուկ վաստակի համար Լատվիայի քաղաքացիություն տրամադրելու խնդրանքով:

Կասպարովի խոսքով` ինքն ընտրել է Լատվիան, քանի որ երկար ժամանակ է անցկացրել այս երկրում շախմատային մրցաշարերում: Բացի այդ` նրա նախկին կինը Լատվիայի քաղաքացի է, իսկ որդին ունի այս երկրում կեցության իրավունք և պարբերաբար լինում է Ռիգայում, ասված է հայտարարությունում:

Ընդդիմադիր գործիչը նշել էր, որ չի հեռանում ռուսաստանյան քաղաքականությունից և չի հրաժարվում ՌԴ քաղաքացիությունից: