Ռուսական 102-րդ բազայի հրամանատարի՝ Ղարաբաղյան հնարավոր պատերազմին ռուսական զորքի մասնակցության վերաբերյալ հայտարարությունը մեսիջ էր Ադրբեջանին, որն արվում է ոչ շատ բարձրաստիճան պաշտոնյայի միջոցով, սակայն սթափ գնահատելու դեպքում, այն չպետք է կապել Ղարաբաղյան հարցի սրացման հետ: ՍիվիլՆեթի հետ զրույցում այսպիսի տեսակետ հայտնեց փորձագետ Հայկ Բալանյանը` մեկնաբնելով բազայի հրամանատար Անդրեյ Ռուզինսկիի հայտարարությունը: Բալանյանը դա պայմանավորում է Ռուսաստանում սկսված ներքին գործընթացներով, մասնավորապես` ամռանը Մախաչկալայի քաղաքապետ Սայիդ Ամիրովի ձերբակալության փաստով և դաղստանյան խմբավորումներից մեկի ջախջախմամբ, որը կապված էր Ռուսաստանի ներկայիս վարչապետ Դմիտրի Մեդվեդևի, ինչպես նաև Ադրբեջանի հետ: Նրա կարծիքով` ինչպես սա, այնպես էլ Օրհան Զեյնալովի կողմից Եգոր Շերբակովի սպանությունը այս խմբավորումներին ու ադրբեջանցի օլիգարխներին, որոնք բիզնես շահեր ունեին Ռուսաստանում, դրել են հարվածի տակ: Ըստ Բալանյանի` Ռուզիսնկիի հայտարարությամբ Մոսկվան Բաքվին հիշեցնում է, որ Ադրբեջանը տնտեսական և քաղաքական շահեր ունի ոչ միայն Ռուսաստանում, այլև տարածաշրջանում: «Անդրեյ Ռուզինսկիի շուրթերով Ադրբեջանի ղեկավարությանն ու ադրբեջանցի օլիգարխներին, այդ թվում` Ռուսաստանում գործող ադրբեջանական բիզնեսին, որը պաշտպանում է Ռուսաստանի ներկայիս վարչապետ Մեդվեդևին և նրա հենարանն է, ասվեց, որ նրանց համար կան խոցելի կողմեր: Սա սկսվեց Վլադիմիր Պուտինի կողմից դաղստանա-ադրբեջանական` մեվեդևյան կլանի ջախջախումով և կշարունակվի, ու Ղարաբաղը իրականում այստեղ կապ չունի», -նշեց Բալանյանը: Նա Ռուզինսկիի հայտարարությունը և հրապարակախոս Զորի Բալայանի` Պուտինին ուղղված նամակը իրար հետ չկապեց` չնայած դրանց գրեթե նույն օրերին տպագրված լինելուն ու համոզմունք հայտնեց, որ նամակը գրված է Հայաստանի բարձրագույն իշխանության պատվերով և հաշվարկով, որ այն Հայաստանում հակառուսական տրամադրություններ կառաջացնի, և այդ ֆոնին միակ ռուսամետ ուժը Հայաստանի գործող նախագահը և իր վարչակազմը կարող է երևալ: «Մյուս կողմից սա Սերժ Սարգսյանի ավանդական խաղն է` բարձրացնել Արևմուտքի աջակցությունն ստանալու դրույքաչափերը և ցույց տալու, որ այսպիսի տարբերականեր էլ կան»- նշեց Բալանյանը:
Ռուսական 102-րդ բազայի հրամանատարի հայտարարությունը Ղարաբաղի հետ կապ չունի. փորձագետ
Article Published:
06 Նոյեմբեր, 2013 00:00
Comments Off on Ռուսական 102-րդ բազայի հրամանատարի հայտարարությունը Ղարաբաղի հետ կապ չունի. փորձագետ
Post navigation
Posted in: