Թուրքիայում ընդունված ժողովրդավարացման փաթեթը երկրի ներքին կյանքի մի շարք ակտուալ խնդիրներ է պարունակում, որոնց լուծումը երկար էր սպասված, և եթե զարգացումները տանեն դրան, այն կարելի է դրական գնահատել: ՍիվիլՆեթի հետ զրույցում այսպիսի տեսակետ հայտնեց թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը` գնահատելով սեպտեմբերի 30-ին Թուրքիայում հրապարկված ժողովրդավարացման փաթեթը: Նա փաթեթի` հայերին հետաքրքրող կետերից առանձնացրեց տեղանունների, դպրոցական ամենօրյա երդման հետ կապված հատվածները` շեշտելով, որ միաժամանակ պետք է զերծ մնալ ինչպես ավելորդ ոգևորությունից, այնպես էլ հոռետեսությունից, և փաթեթում կան քննադատության արժանի մի շարք կետեր, որոնք ոչ անկեղծ մոտեցումներ են պարունակում: Փորձագետի կարծիքով` Թուրքիայի ներքաղաքական կյանքում քրդական հարցը ամենաակտուալն է, ամենաառաջնայինը, և այս բարեփոխումները քրդերին ուղղված ժեստ է, ինչը երևում է անգամ անզեն աչքով: Հարցին առավել գլոբալ նայելու դեպքում, ըստ Մելքոնյանի, Հայաստանին առավել կանխատեսելի և ժողովրդավար Թուրքիա է պետք: «Միաժամանակ` մեզ ոչ թե պետք է ոգևորվել ժողովրդավար Թուրքիայի իմիջով, այլ տեսնել և հասկանալ` կա արդյոք իրականում նման Թուրքիայի հեռանկար», -նշեց փորձագետը: Մեկնաբանելով Թուրքիայում իշխող կուսակցության կողմից փաթեթի ընդունման քայլը` նա նկատեց, որ հանրապետական Թուրքիայի պատմության ընթացքում քաղաքական այն ուժերը, որոնք մեծ տեղ են տվել կրոնին, այնքան ավելի մեղմ վերաբերմունք են ունեցել փոքրամասնությունների նկատմամբ: Մյուս կողմից` ըստ Մելքոնյանի` այսօր Թուրքիայի ներսում և արտաքին աշխարհում ընթացող զարգացումներն են ստիպել իշխող կուսակցությանը որոշակի քայլեր անել: «Այսօր ուղղակի անհնար է 21-րդ դարի Թուրքիայում, որը ձգտում է Եվրամիություն, շարունակել նույն մեթոդներով ճնշել ազգային փոքրամասնություններին: Սա ժամանակի հրամայականն է, ուղղակի իշխող կուսակցությունը կարողանում է քաղաքական տեխնոլոգիաներով այն վերագրել իրեն և ցույց տալ, որ իրենից է կախված»,-նշեց Մելքոնյանը:
Թուրքիայի ժողովրդավարացման փաթեթը` ժեստ քրդերին և ժամանակի հրամայական. թուրքագետ
Article Published:
06 Նոյեմբեր, 2013 00:00
Comments Off on Թուրքիայի ժողովրդավարացման փաթեթը` ժեստ քրդերին և ժամանակի հրամայական. թուրքագետ
Post navigation
Posted in: