Greenpeace էկոլոգիական իրավապաշտպան կազմակերպության Arctic Sunrise նավի անձնակազմի որոշ անդամների հնարավոր է՝ առաջադրվեն նոր մեղադրանքներ, հայտարարել է Ռուսաստանի քննչական կոմիտեի պաշտոնական ներկայացուցիչ Վլադիմիր Մարկինը։
«Հարձակում գործածներից որոշներին, խուլիգանության մեղադրանքներից բացի, կառաջադրվի նաև մեղադրանք «դիմակայություն իրավապահ մարմինների աշխատակիցներին» որակումով»,- ասել է Մարկինը ռուսական Gazeta.ru ինտերնետային պարբերականին տված հարցազրույցում։
Քննչական կոմիտեի ներկայացուցիչը նաև պատասխանել է այն քննադատությանը, որ հետաքննությունը մեղադրանքներ է ներկայացրել Arctic Sunrise նավի բոլոր 30 անդամներին՝ չճշտելով, թե կոնկրետ ինչով են նրանք զբաղվել և մասնակցել են արդյոք ակցիային, թե ոչ։
Մարկինը հիշեցրել է, որ երբ քրեական գործը հարուցվելիս է եղել, «և՛ խոհարարները, և՛ լրագրողները» հրաժարվել են ցուցմունք տալուց։
«Թե նրանցից ով է խոհարար, ով լուսանկարիչ, քննիչներին այդ պահին չի հետաքրքրել։ Քանի որ ցուցմունք ոչ մեկ չէր տալիս, քննիչները ստիպված են եղել իրենք հասկանալ՝ մասնակցել է արդյոք խոհարարը կամ լուսանկարիչը հարթակը գրավելուն, թե ոչ»,- հավելել է Մարկինը։
Նա հերթական անգամ կրկնել է հետաքննության վարկածը, համաձայն որի՝ «մի խումբ մարդիկ մեծ քանակությամբ սարքավորումներով» խախտել են Բարենցի ծովում ռուսական գազային հսկա «Գազպրոմին» պատկանող «Պրիրազլոմնայա» հարթակի անվտանգության գոտին, մոտեցել են հարթակին և փորձել են բարձրանալ նրա վրա։
Հիշեցնենք, որ 30 մարդ, այդ թվում՝ 19 երկրի քաղաքացի, սեպտեմբերի կեսին երկու ամսով կալանավորվեց ակցիայից հետո, որի ընթացքում Greenpeace-ի ակտիվիստները փորձել էին, ինչպես հայտարարվել է, պաստառ փակցնել «Պրիրազլոմնայա» նավթային հարթակի վրա՝ այդպիսով բողոքելով Արկտիկայում նավթի արդյունահանման դեմ։
Arctic Sunrise նավը, որի վրայից իրականացվել էր ակցիան, կալանվել էր և ուղարկվել Մուրմանսկի նավահանգիստ։
Նավի բոլոր 30 անդամներին հոկտեմբերի 3-ին առաջադրվել էին ծովահենության մեղադրանքներ. այս հոդվածով նրանց սպառնում էր մինչև 15 տարի ազատազրկում։
Սակայն հոկտեմբերի 24-ին Վլադիմիր Մարկինը հայտարարեց, որ քննիչները վերաորակավորել են Artic Sunrise նավի անձնակազմի դեմ քրեական գործը «ծովահենություն» հոդվածից «խուլիգանություն» հոդվածի, որով նրանց սպառնում է առավելագույնը յոթ տարի ազատազրկում։
Greenpeace-ը կտրականապես հերքում է բոլոր մեղադրանքները՝ հայտարարելով, որ ակցիան եղել է միանգամայն խաղաղ։