Գյումրիի ռուսական բազայի հրամանատարը չի ասել, թե իրենք կարող են պաշտպանել Ղարաբաղը. «Ազատություն» ռադիոկայանի հետ բացառիկ հարցազրույցում նման հայտարարություն է արել 1994-1997 թվականներին Հայաստանի նախագահի գլխավոր խորհրդական, պրոֆեսոր Ժիրայր Լիպարիտյանը:
Մեկնաբանելով Գյումրիում ռուսաստանյան 102-րդ ռազմակայանի հրամանատար Ռուզինսկու հայտարարությունը, որ եթե հանկարծ Ադրբեջանը հարձակվի, ռուսական բանակը կներգրավվի` Լիպարիտյանն ասել է. «Նա չասաց` կարող է պաշտպանել Ղարաբաղը: Կարող է ներգրավվել Ադրբեջանի կողմից: Այդ հայտարարությունները շատ զգույշ պետք է կարդալ: Եվ գալիս է գնդապետի կողմից. ինչո՞ւ որևէ ավելի բարձր պաշտոնյա ավելի հստակ բան չի ասում»:
Հայաստանի նախագահի` Մաքսային միությանը միանալու մասին անակնկալ հայտարարության առնչությամբ Ժիրայր Լիպարիտյանն ասել է. «Թերևս ամբողջ աշխարհը զարմացավ, ես չզարմացա: Գիտեք, մեր ժամանակ էլ` 93-ի՞ն էր, Մաքսային միության ինչ-որ հարց կար, և մենք այն ժամանակ ոչ ասացինք` ասելով, որ մենք սահման չունենք… Եկեք ուրիշ ձևով լուծենք: Ի՞նչ պատահեց այս ընթացքում: Ժամանակի ընթացքում մենք կորցրել ենք այլընտրանքայինը: Մեր այլընտրանքը պիտի լիներ Ադրբեջանի ու Թուրքիայի հետ ունենալ նորմալ հարաբերություն և Հարավային Կովկասի երեք հանրապետությունների հասարակությունների գործունեություն, որպեսզի մեկը մյուսի դեմ չգործածվեր: Իսկ դա մենք կորցրինք: Ռուսաստանը դեմ չէ լուծման: Ռուսաստանը դեմ է որևէ լուծման, որը կնվազեցնի իր արժեքը և կավելացնի Արևմուտքի ազդեցությունը»:
«Բայց այդ բոլորի մեջ ամենակարևորը Լաչինի հարցն է, – նշել է Լիպարիտյանը:- 93-ին ես իմ թիմին հանձնարարություն տվի, որ համեմատենք ԵԱՀԿ-ի բոլոր առաջարկությունները, որոնց մասնակցել էր դեսպան Կազիմիրովը՝ տաղանդավոր դիվանագետ, բայց ռուս դիվանագետ, ինքը իր երկրին էր ծառայում: Եվ այդ բոլորի [առաջարկությունների] մեջ երկու բան կար անփոփոխ` ստատուսի հարցը չէր դրվում, որովհետև եթե դրվեր, Ռուսաստանը պիտի ասեր, որ ինքը դեմ է անկախության, և չէր ուզում ասել… Երկրորդն այն է, որ Ռուսաստանը անդադար գնում էր մի բանի հետևից` Լաչինի վերահսկողության: Դա ծորակն է և՛ Հայաստանի, և՛ Ղարաբաղի, և՛ Ադրբեջանի համար` սա՞ռը ջուր կբացես, թե՞»:
Հարցին, թե նշանակում է դա արդյոք, որ իր կարծիքով ռուսները կարող են նորից գալ, նա արձագանքել է. «Պիտի գան: Վերջին փաստաթղթերի մեջ կտեսնեք, որ բոլորի կողմից կարծես ընդունված է այդ սկզբունքը, որ միջազգային ուժ պիտի գա Լաչին»: