Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում ավարտվել է դերասան Վարդան Պետրոսյանի նկատմամբ խափանման միջոց ընտրելու հարցով դատական նիստը: Ինչպես հաղորդում է Aravot.am-ը, նրա պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանը, դուրս գալով դատարանից, հայտնել է, որ խափանման միջոց է ընտրվել կալանքը: Վարդան Պետրոսյանին ուղեկցելու համար դատարանի ետնամուտքին է մոտեցել նաև շտապօգնության ավտոմեքենան:
Նրան մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով: Նախաքննական մարմինը միջնորդություն էր ներկայացրել Վարդան Պետրոսյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրել կալանավորումը:
Եղվարդ-Երևան ավտոճանապարհին հոկտեմբերի 20-ին խոշոր ավտովթար էր տեղի ունեցել` երկու մարդու մահվան ելքով: Վթարի ենթարկվածների թվում էր դերասան Վարդան Պետրոսյանը: Նա տեղափոխվել էր «Էրեբունի» բժշկական կենտրոն և վիրահատվել: Նոյեմբերի 6-ին ոստիկանության նախաքննական մարմինը դերասան Վարդան Պետրոսյանին ձերբակալելու որոշում էր կայացրել: