Նախկին վարչապետը «երաշխավորում է Վարդան Պետրոսյանի կողմից գործի քննությանը առավելագույնս նպաստելու վարքը»

Հայաստանի նախկին վարչապետ, Հայ-ռուսական Սլավոնական համալսարանի ռեկտոր Արմեն Դարբինյանը ֆեյսբուքյան գրառում է արել՝ հանդես գալով դերասան Վարդան Պետրոսյանի կալանավորման միջոցը փոխելու օգտին:

Եղվարդ-Երևան ավտոճանապարհին հոկտեմբերի 20-ին խոշոր ավտովթար էր տեղի ունեցել` երկու մարդու մահվան ելքով: Վթարի ենթարկվածների թվում էր դերասան Վարդան Պետրոսյանը: Նա տեղափոխվել էր «Էրեբունի» բժշկական կենտրոն և վիրահատվել: Նոյեմբերի 6-ին ոստիկանության նախաքննական մարմինը դերասան Վարդան Պետրոսյանին ձերբակալելու որոշում էր կայացրել:

Նոյեմբերի 10-ին Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ դերասան Վարդան Պետրոսյանի նկատմամբ խափանման միջոց ընտրվեց կալանքը : Նրան մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով:

Արմեն Դարբինյանը Ֆեյսբուքի իր էջում արել է հետևյալ գրառումը․

«Վարդան Պետրոսյանի հետ կատարվածը ահավոր մեծ փորձություն է մեր բարոյականության և ոգու համար: Կցկտուր տեղեկատվությունից կարելի է ենթադրել, որ մեղքի իր բաժինը անկասկած ունի և պատրաստ է պատասխան տալու: Երկրից դուրս գալու, անհասանելի դառնալու գոնե ֆորմալ պատճառներն էլ կարծես վերացված են, Ֆրանսիայի քաղաքացու անձնագիրը հանձնված է: Դրա հետ մեկտեղ, արդարադատությունից խուսափելու, քննության ընթացքը խոչընդոտելու որևէ դրսևորում կամ վտանգ կարծես թե չկա: Այս ամենի համատեքստում նրա հապճեպ կալանավորումը, առանց բազմակողմանի քննության, առանց անգամ նրան հարցաքննելու, համարում եմ ուժի անհամաչափ գործադրում նույն վթարի արդյունքում առողջական լրջագույն խնդիրների առաջ կանգնած մարդու նկատմամբ:

Սույնով ես` Արմեն Դարբինյանս, որպես ՀՀ քաղաքացի, ճանաչելով Վարդանին և ընդունելով նրա ԲԱՐՁՐ արվեստը, իմ անձով և գոյությամբ ԵՐԱՇԽԱՎՈՐՈՒՄ ԵՄ նրա կողմից գործի քննությանը առավելագույնս նպաստելու վարքը և պատրաստակամությունը: Խնդրում եմ Վարդանի փաստաբաններին սույն գրությունը համարել որպես պաշտոնական ԵՐԱՇԽԱՎՈՐԱԳԻՐ` ՀՀ դատական ատյաններում նրա նկատմամբ խափանման միջոցը փոխելու գործառույթներում»:

Լուսանկարը՝ Արմեն Դարբինյանի Ֆեյսբուքի էջից:

Մեկնաբանել