Քննարկում Ղարաբաղում՝ Սարգսյան-Ալիև հանդիպումից առաջ

Նոյեմբերի 9-ին երևանյան «Դեմոկրատիայի դպրոց» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ Ստեփանակերտի «Եվրոպա» հյուրանոցում տեղի է ունեցել քննարկում ղարաբաղյան հակամարտության կարգավորման թեմայով:

Ինչպես նշված է կազմակերպության տարածած հաղորդագրությունում՝ քննարկմանը ելույթ են ունեցել Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն Մանվել Սարգսյանը, «Համագործակցություն հանուն ժողովրդավարության» ՀԿ-ի նախագահ Ստեփան Դանիելյանը, միջազգայնագետ Անդրիաս Ղուկասյանը և Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Վլադիմիր Կարապետյանը:

Բանախոսներն անդրադարձել են ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը տարածաշրջանային և լոկալ նոր իրողությունների ներքո, ինչպիսիք են Մաքսային միություն մտնելու Հայաստանի իշխանությունների քայլերը և դրան հաջորդած զարգացումները Երևանում: Քննարկմանը մասնակցել են ԼՂՀ Ազգայն ժողովի պատգամավոր Վահան Բադասյանը, քաղաքագետ Անուշ Ղավալյանը, ԼՂՀ ինքնապաշտպանական ուժերի առաջին հրամանատար Արկադի Կարապետյանը, Արցախի պետական համալսարանի դասախոս Դավիթ Կարաբեկյանը, ղարաբաղյան շարժման ակտիվիստ Մարգարիտա Քարամյանը:

«Քննարկման մասնակիցները համաձայնեցին, որ հարկավոր է ուժեղացնել ղարաբաղյան հասարակությունը՝ որպես կարգավորման ամենաառանցքային սուբյեկտ, որը սակայն դուրս է մնացել այսօր ընթացող կարգավորման գործընթացից: Այս ամենը հատկապես կարևորվում է նոյեմբերի վերջին սպասվող Ալիև-Սարգսյան հանդիպման ֆոնին»,- նշված է հաղորդագրությունում:

Քննարկումը Ստեփանակերտում կազմակերպելուն օգնել է «Ազգային վերածնունդ» կուսակցությունը:

Մեկնաբանել