ԵՄ-ն մինչև տարեվերջ կարող է վերացնել Թուրքիայի հետ այցագրային ռեժիմը

Թուրքիայի՝ եվրոպական երկրներ մեկնող քաղաքացիների համար այցագրային (վիզային) ռեժիմի վերացման ուղղությամբ ջանքերը կարող են մինչև տարեվերջ դրական արդյունքներ ունենալ: Այս մասին հայտարարել է Եվրամիության ընդլայնման ու հարևանության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն:

Ինչպես հաղորդում է Today’s Zaman-ը, անցյալ շաբաթ ԵՄ-Թուրքիա բանակցությունների 22-րդ գլխի բացումից հետո, Ֆյուլեն այցելել է Թուրքիա՝ ԵՄ անդամակցության գործընթացը, ժողովրդավարական բարեփոխումներն ու այցագրային ռեժիմը վերացնելու հարցում դրական ազդակները թուրք պաշտոնյաների հետ քննարկելու համար:

«Մեր հարաբերություններում ևս մեկ դրական խթան կհանդիսանան Թուրքիայի հետ ռեադմիսիայի՝ հետընդունման համաձայնագրի ստորագրումն ու այցագրային ռեժիմի շուրջ բանակցությունները, ինչը, հուսով եմ, տեղի կունենա մինչև տարեվերջ: Այս գործընթացները շոշափելի արդյունքներ կունենան, որոնք ձեռնտու կլինեն Թուրքիայի քաղաքացիների համար»,- ասել է Ֆյուլեն:

Նոյեմբերի 8-ին Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն Շտեֆան Ֆյուլեի հետ համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է, որ և՛ Թուրքիան, և՛ ԵՄ-ն դրական դիրքորոշում ունեն Թուրքիայի քաղաքացիների՝ եվրոպական երկրներում անայցագիր ռեժիմով շրջագայելու հարցում:

Թուրքիա կատարած այցի շրջանակներում Շտեֆան Ֆյուլեն հանդիպել է նաև այդ երկրի նախագահ Աբդուլլահ Գյուլի, թուրք խորհրդարանականների, այդ թվում՝ ընդդիմադիրների հետ:

Ֆյուլեի հետ հանդիպման ընթացքում Գյուլը ողջունել է 22-րդ գլխի բացումը և կոչ արել առանց հապաղելու անցնել մյուս գլուխների բացմանը:

«Նոր գլխի բացումը քայլ է ճիշտ ուղղությամբ. մյուս գլուխները նույնպես պետք է բացվեն առանց ժամանակ կորցնելու»,- ասել է Գյուլը:

Մեկնաբանել