Ստորագրահավաք` ի պաշտպանություն Վարդան Պետրոսյանի

Երևանում` Ալեքսանդր Թամանյանի արձանի մոտ նոյեմբերի 11-ի առավոտից մի խումբ քաղաքացիներ ստորագրահավաք են կազմակերպել` ի պաշտպանություն դերասան Վարդան Պետրոսյանի: Ստորագրահավաքի կազմակերպիչներից մեկը ՍիվիլՆեթի հետ զրույցում նշեց, որ նախաձեռնությունը կշարունակվի մինչև ժամը 19:00-ը:

Նախաձեռնության անդամները ստորագրահավաք անցկացրել էին նաև նոյեմբերի 10-ին` ժամը 17:00-19:00-ը` հավաքելով 250 ստորագրություն:

Ստորագրահավաքի տեքստում, մասնավորապես, ասված է. «Մենք` ներքոստորագրյալներս, պահանջում ենք, որ Վարդան Պետրոսյանի հանդեպ կիրառված կալանքը` որպես խափանման միջոց, վերացվի, քանի որ համարում ենք, որ այն ապօրինի է: ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված որևէ հիմք փաստացի չի ապացուցվել: Այն է.

135. ԽԱՓԱՆՄԱՆ ՄԻՋՈՑ ԿԻՐԱՌԵԼՈՒ ՀԻՄՔԵՐԸ

1. Դատարանը, դատախազը, քննիչը կամ հետաքննության մարմինը խափանման միջոց կարող են կիրառել միայն այն դեպքում, երբ քրեական գործով ձեռք բերված նյութերը բավարար հիմք են տալիս ենթադրելու, որ կասկածյալը կամ մեղադրյալը կարող է`

1) թաքնվել քրեական վարույթն իրականացնող մարմնից.

2) խոչընդոտել մինչդատական վարույթում կամ դատարանում գործի քննությանը` քրեական դատավարությանը մասնակցող անձանց վրա անօրինական ազդեցություն գործադրելու, գործի համար նշանակություն ունեցող նյութերը թաքցնելու կամ կեղծելու, քրեական վարույթն իրականացնող մարմնի կանչով առանց հարգելի պատճառների չներկայանալու կամ այլ ճանապարհով.

3) կատարել քրեական օրենքով չթույլատրված արարք.

4) խուսափել քրեական պատասխանատվությունից և նշանակված պատիժը կրելուց.

5) խոչընդոտել դատարանի դատավճռի կատարմանը:

Ուստի պահանջում ենք խափանման միջոցը վերացնել միչև Վարդան Պետրոսյանի լիարժեք ապաքինումը»:

Եղվարդ-Երևան ավտոճանապարհին հոկտեմբերի 20-ին խոշոր ավտովթար էր տեղի ունեցել` երկու մարդու մահվան ելքով: Վթարի ենթարկվածների թվում էր դերասան Վարդան Պետրոսյանը: Նա տեղափոխվել էր «Էրեբունի» բժշկական կենտրոն և վիրահատվել: Նոյեմբերի 6-ին ոստիկանության նախաքննական մարմինը դերասան Վարդան Պետրոսյանին ձերբակալելու որոշում էր կայացրել:

Նոյեմբերի 9-ին Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը Վարդան Պետրոսյանի համար խափանման միջոց էր ընտրել կալանքը:

Լուսանկարը` նախաձեռնության ֆեյսբուքյան էջից

Մեկնաբանել