Երևանն ու Ստեփանակերտը կխորացնեն համագործակցությունը

Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն կատարած աշխատանքային այցի շրջանակում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հետ:

Ինչպես հաղորդում են քաղաքապետարանի մամուլի ծառայությունից, ԼՂՀ նախագահը նկատել է, որ Երևանի և Ստեփանակերտի քաղաքապետարանների միջև բարեկամության համաձայնագրի ստորագրումից մեկ տարի անց իրապես շոշափելի արդյունքներ են գրանցվել համագործակցության բոլոր ուղղություններով:

Բակո Սահակյանն առանձնակի կարևորել է նաև Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ Ստեփանակերտի կենտրոնում Ազատամարտիկների այգու հիմնման նախագծի իրականացումը: «Ձեր այս նախաձեռնությունը, պարոն քաղաքապետ, ինչպես ճարտարապետական և մշակութային, այնպես էլ հայրենասիրական նշանակություն ունի, և դրա շնորհիվ գալիք սերունդները ևս, արժևորելով հայրենիքին իրենց կյանքը նվիրաբերած հայորդիների վաստակը, իրենց հերթին կդաստիարակեն արժանի սերունդ»,- ասել է Բակո Սահակյանը:

Տարոն Մարգարյանը ընդհանուր գծերով ներկայացրել է Երևանի և Ստեփանակերտի միջև ստորագրված բարեկամության համաձայնագրով քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում իրականացված ու իրականացվող ծրագրերի ընթացքը և վստահեցրել, որ նախանշված բոլոր ուղղություններով առաջիկայում ևս աշխատանքները կլինեն շարունակական:

«Արդյունքները, անշուշտ, շոշափելի են, սակայն մենք դրանով չենք բավարարվելու և անելու ենք հնարավորը՝ փոխգործակցությունն էլ ավելի ամրապնդելու և ընդլայնելու ուղղությամբ»,- ասել է Տարոն Մարգարյանը` հավելելով, որ հերթական այս այցի շրջանակում պատվիրակության հետ Ստեփանակերտ են այցելել նաև զբոսաշրջության ոլորտի երևանյան ներկայացուցիչներ, որոնք ծանոթանում են ԼՂՀ-ի սպասարկման ոլորտի հնարավորություններին` դեպի Արցախ զբոսաշրջության խթանումն առավել առարկայական դարձնելու նպատակով:

Այնուհետ ԼՂՀ նախագահին է ներկայացվել Ազատամարտիկների այգու նախագծի եռաչափ տարբերակը, որն արժանացել է հավանության:

Տարոն Մարգարյանի խոսքով` Երևանի քաղաքապետարանը կանի հնարավորը, որպեսզի այգին հնարավորինս կարճ ժամկետներում հանձնվի շահագործման ու լիովին ծառայի իր նպատակին:

Շուրջ 2 հա տարածք զբաղեցնող այգին հանգստյան նոր գոտի կդառնա ինչպես Ստեփանակերտի բնակիչների, այնպես էլ հյուրերի համար:

Մեկնաբանել