Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները նոյեմբերի 11-ին այցելել են դերասան Վարդան Պետրոսյանին, որը «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում է: Ինչպես ՍիվիլՆեթին տեղեկացրեց ՄԻՊ մամուլի խոսնակ Նաիրա Կարմիրշալյանը, դերասանին այցելել է օմբուդսմենի խորհրդական Երանուհի Թումանյանցը:
Նաիրա Կարմիրշալյանը նշեց, որ Վարդան Պետրոսյանի առողջական վիճակը նախորդ օրերի համեմատ բարելավվել է, սակայն բժիշկները նրա վիճակը դեռ գնահատում են կայուն, միջին ծանրության:
Հարցին, թե արդյոք Դատապարտյալների հիվանդանոցում պայմանները բավարար են վերականգնվելու համար, ՄԻՊ խոսնակը պատասխանեց, որ անհրաժեշտ պայմաններն առկա են, և դերասանը չի բողոքում և նշում է, որ բոլորը բարյացակամ ու ուշադիր են իր հանդեպ:
Անդրադառնալով հարցին, թե արդյոք կալանքի որոշումը չի կայացվել խախտումով, ՄԻՊ խոսնակը նշեց, որ այդ մասով ոչինչ չի կարող ասել, քանի որ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակն իրավունքի չունի միջամտել դատական, իրավական որոշումներին, իսկ գործը նախաքննության փուլում է, և որևէ այլ մեկնաբանություն իրենք տալ չեն կարող:
Եղվարդ-Երևան ավտոճանապարհին հոկտեմբերի 20-ին խոշոր ավտովթար էր տեղի ունեցել` երկու մարդու մահվան ելքով: Վթարի ենթարկվածների թվում էր դերասան Վարդան Պետրոսյանը: Նա տեղափոխվել էր «Էրեբունի» բժշկական կենտրոն և վիրահատվել: Նոյեմբերի 6-ին ոստիկանության նախաքննական մարմինը դերասան Վարդան Պետրոսյանին ձերբակալելու որոշում էր կայացրել:
Նոյեմբերի 9-ին Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը Վարդան Պետրոսյանի համար խափանման միջոց էր ընտրել կալանքը:
Լուսանկարը` Ֆոտոլուրի