Պատվո շքանշան Ալիևին՝ Գյուլից

Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը Պատվո շքանշանով է պարգևատրել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, որը երկօրյա պաշտոնական այցով ժամանել է Անկարա: Ադրբեջանի նախագահին և նրա կնոջը Անկարայի Էսենբողա օդանավակայանում դիմավորել է Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Թաներ Յըլդըզը:

Zaman-ի հաղորդմամբ՝ սա Ալիևի առաջին արտասահմանյան այցն է երրորդ անգամ Ադրբեջանի նախագահի պաշտոնում ընտրվելուց հետո:

Թուրքիայի նախագահի նստավայր Չանքայայում տեղի ունեցած պաշտոնական արարողության ժամանակ Իլհամ Ալիևն ու նրա կինը՝ Մեհրիբան Ալիևան, ողջունել են Թուրքիայի նախագահին և նրա կնոջը:

Ինչպես հաղորդում է Hurriyet Daily News-ը, երկու երկրների ղեկավարները կայանալիք հանդիպումներում կստորագրեն համաձայնագրեր, ինչպես նաև կքննարկեն տարածաշրջանային և միջազգային մի շարք հարցեր:

Թուրքիայի նախագահական նստավայրում սպասվում է Թուրքիայի և Ադրբեջանի նախագահների համատեղ մամուլի ասուլիսը:

Իլհամ Ալիևի և Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նախագահությամբ տեղի է ունենալու Թուրքիա-Ադրբեջան ռազմավարական համագործակցության բարձրագույն խորհրդի երրորդ նիստը, որի ընթացքում քննարկվելու են ինչպես թուրք-ադրբեջանական հարաբերությունները, այնպես էլ տարածաշրջանային ու միջազգային մի շարք խնդիրներ:

Մեկնաբանել