Ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը ՍիվիլՆեթի հետ զրույցում հերքեց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցի հայտարարությունն առ այն, որ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն ու փոխոստիկանապետ Հունան Պողոսյանը ծեծի են ենթարկել «Ցեղակրոն» կուսակցության ղեկավար Շանթ Հարությունյանին:
Արթուր Սաքունցը նոյեմբերի 12-ին հայտարարություն էր տարածել, որում նշել էր, որ նոյեմբերի 11-ին այցելել է Շանթ Հարությունյանին, որը հաստատել է ոստիկանապետի և փոխոստիկանապետի, ինչպես նաև վերջիններիս ուղեկցող ոստիկանների կողմից իրեն բռնությունների ենթարկելու, սեռական բնույթի հահոյանքներ և ընտանիքի, մասնավորապես` 14-ամյա որդու նկատմամբ սպառնալիքներ հնչեցնելու մասին փաստերը:
Այս կապակցությամբ Աշոտ Ահարոնյանն ասաց, որ նոյեմբերի 7-ին ոստիկանության տարածած` համապատասխան հերքում պարունակող հաղորդագրությանն ավելացնելու ոչինչ չունի: Միաժամանակ` նա նշեց, որ ոստիկանությունը «պարտավոր չէ ամեն հայտարարությունից հետո հանդես գալ նոր հաղորդագրությամբ»: