Ուկրաինայի արտաքին քաղաքականության թիվ մեկ խնդիրը Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորումն է, հայտարարել է Ուկրաինայի վարչապետ Նիկոլայ Ազարովը՝ ելույթ ունենալով նախարարների կաբինետի նիստին Կիևում։ Այս մասին հաղորդում է ռուսական «Ռիա նովոստի» գործակալությունը։
«Սահմանվում են հակադեմպինգային հետաքննությունների, սանիտարական սահմանափակումների խոչընդոտներ, սկսում են գործել նոր տեխնիկական կանոնակարգեր՝ իրականություն, որը ոչ մի գաղափարախոսական կարգախոսներով չես փոխարինի։ Դրան հավելեք գազի, նավթի չափազանց բարձր գները, արտահանման մաքսատուրքերը, որոնք կանգնեցրին հայրենական նավթավերամշակումը, և երկրի ճակատագրի համար պատասխանատու յուրաքանչյուր մարդու համար ակնհայտ կլինի, որ ազգային քաղաքականության թիվ մեկ խնդիրը Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորումն է»,- ասել է Ազարովը։
Ակնկալվում է, որ Ուկրաինան Արևելյան գործընկերության՝ նոյեմբերի վերջին Վիլնյուսում կայանալիք գագաթաժողովին կստորագրի Եվրամիության հետ Ասոցացման և ազատ առևտրի գոտու մասին համաձայնագիրը։ Մոսկվան բազմիցս նախազգուշացրել է, որ Ռուսաստանը, հարգելով Ուկրաինայի որոշումը, միաժամանակ ստիպված կլինի միջոցառումներ ձեռնարկել սեփական տնտեսական շահերի պաշտպանության ուղղությամբ։
Նշենք, որ նոյեմբերի 12-ին Ուկրաինայի խոշոր բիզնեսի ներկայացուցիչները, ինչպես նաև Ուկրաինայի իշխող Ռեգիոնների կուսակցության խորհրդարանական խմբակցության` նրանց շահերն արտահայտող անդամները երկրի նախագահ Վիկտոր Յանուկովիչին խնդրել են ԵՄ-ի հետ Ասոցացման մասին համաձայնագրի ստորագրումը հետաձգել մեկ տարով։