Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը որքան Ադրբեջանի, այնքան էլ Թուրքիայի խնդիրն է, հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը իր և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի նախագահությամբ տեղի ունեցած Թուրքիա-Ադրբեջան ռազմավարական համագործակցության բարձրագույն խորհրդի նիստի ավարտից հետո համատեղ մամուլի ասուլիսում:
Anadolu գործակալության հաղորդմամբ՝ Էրդողանը, մասնավորապես, ասել է, որ Ղարաբաղի հարցը Թուրքիայի արտաքին քաղաքականության օրակարգային հարցերից է: Թուրքիան շարունակում է անվերապահ օգնություն ցույց տալ Ադրբեջանին՝ Ղարաբաղյան հարցը խաղաղ ճանապարհով՝ երկխոսության միջոցով արագորեն լուծելու համար, ասել է Թուրքիայի վարչապետը:
Ալիևն իր հերթին հայտարարել է, որ Ղարաբաղի հարցում լիովին վստահում է Թուրքիային:
Էրդողանն ու Ալիևը խոսել են նաև երկու երկրների տնտեսական հարաբերություններից: Anadolu-ի փոխանցմամբ՝ նիստի ժամանակ Ադրբեջանի հետ տեխնոլոգիաների, արդյունաբերության, գիտության ոլորտը ներառող յոթ արձանագրություն և համաձայնագիր է ստորագրվել:
Նշելով, որ Ադրբեջանի և Թուրքիայի միջև առևտրաշրջանառությունը կազմում է 4.2 մլրդ դոլար՝ Էրդողանը հույս է հայտնել, որ ապագայում այն կհանսնի 15 մլրդ դոլարի:
Ավելի վաղ ԼՂ հակամարտությանն էր անդրադարձել նաև Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն: Նրա խոսքով՝ «Թուրքիան պետք է հաղթահարի Հայաստանի անվստահությունը, միևնույն ժամանակ չանտեսի Ադրբեջանի օրինական պահանջները»:
Նոյեմբերի 12-ին կայացած համատեղ ասուլիսին ԼՂ հակամարտության մասին խոսել են նաև Թուրքիայի և Ադրբեջանի նախագահներ Աբդուլլահ Գյուլն ու Իլհամ Ալիևը: Գյուլը, մասնավորապես, ասել է, որ «տարածքների վերադարձն Ադրբեջանին ազգային հարց է նաև Թուրքիայի համար»:
Նոյեմբերի 12-ին Ադրբեջանի նախագահը երկօրյա պաշտոնական այցով ժամանել էր Անկարա: Դա Ալիևի առաջին արտասահմանյան այցն էր երրորդ անգամ Ադրբեջանի նախագահի պաշտոնում ընտրվելուց հետո: Թուրքիայի նախագահի նստավայրում կայացած պաշտոնական արարողության ժամանակ Աբդուլլահ Գյուլն Ալիևին պարգևատրել է Պատվո շքանշանով: