Hitachi Electronic Devices Group-ի նախկին գլխավոր գործադիր տնօրեն և Hitachi-ի գլխավոր գործադիր տնօրեն Ցուգիո Մակիմոտոն նոյեմբերի 14-ին այցելել է «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի գլխամասային գրասենյակ, որտեղ կայացած մամլո ասուլիսից հետո տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի գործարար ներկայացուցիչների առջև հանդես է եկել «Կիսահաղորդիչների ոլորտի նորարարությունների ազդեցությունը մեր հասարակությունների վրա» դասախոսությամբ:
Ինչպես հաղորդում են «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի մամուլի ծառայությունից, Ցուգիո Մակիմոտոն Հայաստան է այցելել՝ ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ նախագահի՝ 2013թ. իրեն շնորհված հեղինակավոր մրցանակը (Համաշխարհային ՏՏ մրցանակ 2013) ստանալու: Մրցանակի հանձնման արարողությունը տեղի կունենա նախագահի նստավայրում` նոյեմբերի 15-ին:
ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար նախագահի մրցանակը հիմնվել է նախագահի 2009թ. հուլիսի 6-ի հրամանագրով` նպատակ ունենալով խրախուսելու այս ոլորտի զարգացումը: Մրցանակն ամենամյա է և շնորհվում է ՏՏ ոլորտում բացառիկ ներդրում կատարած անձանց, որոնց ներդրումները` տեխնոլոգիական, կրթական, կազմակերպչական, ֆինանսական կամ այլ բնույթի, բերել են կամ բերում են տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում նշանակալի զարգացումների:
Ցուգիո Մակիմոտոն չորրորդ մրցանակակիրն է: Առաջին մրցանակը 2010թ. ստացել է Intel-ի տնօրենների խորհրդի նախկին նախագահ Քրեյգ Բարրեթը: Apple Computer կորպորացիայի համահիմնադիր Սթիվ Վոզնյակը Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի Հանրապետության նախագահի մրցանակի երկրորդ արժանացողն է: Synaptics ընկերության պատվավոր նախագահ Ֆեդերիկո Ֆաջինը երրորդ մրցանակակիրն է:
Ինչպես և նախկինում, 2013-ին ևս, մրցանակի ֆինանսավորումը «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցով ստանձնել է Հայաստանում հեռահաղորդակցության առաջատար օպերատոր «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերությունը՝ տրամադրելով 22 մլն դրամ:
«Ժամանակակից աշխարհում, ուր երկրների մրցակցային առավելությունները դրսևորվում են տեխնոլոգիաների և տնտեսական զարգացման ասպարեզներում, ՏՏ-ն համարվում է երկրի տնտեսական աճի առանցքային գործոններից մեկը: Տեղեկատվական և հեռահաղորդակցային տեխնոլոգիաների ոլորտում աշխատելով և հայաստանցի մասնագետների ամենօրյա ձեռքբերումների ականատեսը լինելով՝ մենք վստահ ենք, որ Հայաստանը բարձր տեխնոլոգիաների ոլորտում նվաճումների և, որպես արդյունք՝ նաև տնտեսական աճի, չիրացված հսկայական ներուժ ունի: Այդ է պատճառը, որ մենք պարտավոր ենք աջակցել այս ոլորտի շարունակական զարգացմանը նպաստող ազգային ծրագրերին»,- ասել է «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: