Եվրախորհրդարանի՝ Ուկրաինայի հարցով մոնիթորինգային առաքելության ներկայացուցիչ Ալեքսանդր Կվասնևսկին կանխատեսում է, որ Ուկրաինայի՝ Եվրամիության հետ Ասոցացման մասին համաձայնագրի ստորագրումը կհետաձգվի անհայտ ժամկետով, եթե չստորագրվի Արևելյան գործընկերության՝ նոյեմբերի վերջին Վիլնյուսում կայանալիք գագաթաժողովին։
«Եթե համաձայնագիրը Վիլնյուսում չստորագրվի, կնշանակի, որ այն հետաձգվում է անորոշ ժամկետով։ Որովհետև կարելի է հստակ կանխատեսել, որ առաջիկա երկու տարիներին ոչ ոք չի զբաղվի Ուկրաինայի հետ ասոցացմամբ»,- ասել է Լեհաստանի նախկին նախագահ Կվասնևսկին ուկրաինական «Ունիան» գործակալությանը տված հարցազրույցում։
Նա պարզաբանել է, որ 2014թ․ Եվրախորհրդարանում ընտրությունների տարի է, դրան կհետևի նոր Եվրահանձնաժողովի ձևավորումը, իսկ 2015թ․ Ուկրաինայում նոր նախագահական ընտրություններ տեղի կունենան։ Նրա խոսքով՝ «Ուկրաինայով զբաղվելու» ժամանակ չի լինի։ Ինչպես կարծում է Կվասնևսկին, առնվազն երկու տարի կկորի։
«Իսկ այդ երկու տարուց հետո մենք կվերադառնանք մի իրավիճակի, որն արդեն այլ կլինի։ Եվ պարտադիր չէ, որ այդ իրավիճակը ավելի լավը լինի։ Հնարավոր է՝ անգամ լինի ավելի վատը, քան 2013-ին»,- նշել է Եվրախորհրդարանի առաքելության ներկայացուցիչը։
Լեհաստանի արտգործնախարար Ռադոսլավ Սիկորսկին հոկտեմբերի վերջին հայտարարել էր, որ ԵՄ-ն հնարավոր է՝ Ուկրաինայի հետ Ասոցացման մասին համաձայնագրի ստորագրումը տեղափոխի 2014թ․, եթե Ուկրաինայի իշխանությունները չհասցնեն մինչև Վիլնյուսի գագաթաժողովը կատարել այդ փաստաթղթի ստորագրման համար անհրաժեշտ բոլոր պայմանները։
Ներկայում Ուկրաինայի համար ԵՄ-ի ամենադժվար պահանջն օրինագծի ընդունումն է, որը երկրի նախկին վարչապետ, 2011թ․ հոկտեմբերին յոթ տարի ազատազրկման դատապարտված Յուլյա Տիմոշենկոյին թույլ կտա մեկնել արտասահման՝ բուժվելու։
Նոյեմբերի 13-ին Գերագույն ռադան չի կարողացել համաձայնեցնել օրինագիծը, և քվեարկությունը տեղափոխվել է նոյեմբերի 19-ը։
Նոյեմբերի 12-ին Ուկրաինայի խոշոր բիզնեսի ներկայացուցիչները, ինչպես նաև Ուկրաինայի իշխող Ռեգիոնների կուսակցության խորհրդարանական խմբակցության` նրանց շահերն արտահայտող անդամները երկրի նախագահ Վիկտոր Յանուկովիչին խնդրել էին ԵՄ-ի հետ Ասոցացման մասին համաձայնագրի ստորագրումը հետաձգել մեկ տարով։