Ցուցարարները երթով շարժվում են դեպի կառավարություն

Ազգային ժողովի դիմաց նոյեմբերի 15-ին` ժամը 11։30-ից մեկնարկել էր «Ընդդեմ կենսաթոշակային պարտադիր վճարների» նախաձեռնության և նրանց միացած մի քանի հարյուր քաղաքացիների բողոքի ակցիան: Նրանք պարզել էին «Վարկ չենք տալիս», «Դեմ ենք», «Բանկ չենք» գրությամբ պաստառներ։

Նախատեսվում էր, որ ժամը 12:00-ին ԱԺ-ն արտահերթ նիստի ընթացքում կքննարկի կուտակային կենսաթոշակների բաղադրիչը մեկ տարով հետաձգելու հարցը: Սակայն այն բանից հետո, երբ ՀՀԿ խմբակցությունը տապալեց արտահերթ նիստը, բողոքի ակցիայի մասնակիցները որոշեցին երթով շարժվել դեպի կառավարության շենք: ՀՅԴ պատգամավոր Արմեն Ռուստամյանն էլ առաջարկեց գնալ դեպի ՀՀԿ գրասենյակ` պահանջելու հանրապետական պատգամավորներին ներկայանալ նիստին:

Ինչպես հաղորդում է ՍիվիլՆեթի թղթակիցը, այս պահին բողոքի ակցիայի մասնակիցները Մաշտոցի պողոտայում են և շարժվում են դեպի կառավարության շենք: Երթի մասնակիցների թվում են պատգամավորներ Լևոն Զուրաբյանը, Նաիրա Զոհրաբյանը, Արմեն Ռուստամյանը:

ԱԺ ՀՅԴ խմբակցությունը նոյեմբերի 11-ին հայտարարել էր, որ խորհրդակցություններ է սկսելու խորհրդարանական մյուս խմբակցությունների հետ՝ արտահերթ նիստ հրավիրելու 2014թ. հունվարի 1-ից ուժի մեջ մտնող «Կենսաթոշակային բարեփոխումների մասին օրենքի» հարցով: Նոյեմբերի 13-ին համանման հայտարարությամբ էր հանդես եկել նաև ՀԱԿ խմբակցությունը:

Նոյեմբերի 13-ին ԱԺ Հայ հեղափոխական դաշնակցություն, «Ժառանգություն», «Հայ ազգային կոնգրես» և «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունները ստորագրահավաք էին իրականացրել` հավաքելով արտահերթ նիստի հրավիրման համար անհրաժեշտ 44 ստորագրությունները:

«Ընդդեմ կենսաթոշակային պարտադիր վճարների» նախաձեռնությունը, իր հերթին, բաց նամակով դիմել էր ԱԺ պատգամավորներ Հրանտ Բագրատյանին, Նիկոլ Փաշինյանին, Լևոն Զուրաբյանին, Արծվիկ Մինասյանին, Նաիրա Զոհրաբյանին, ինչպես նաև մի շարք այլ պատգամավորների՝ Կուտակային կենսաթոշակների մասին օրենքի պարտադիրության սկզբունքն անվավեր ճանաչելու համար ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու և սահմանադրական դատարան դիմելու նպատակով ստորագրահավաք նախաձեռնելու վերաբերյալ:

Մեկնաբանել