Կենսաթոշակային նոր համակարգի դեմ բողոքող շուրջ հազար քաղաքացիներ այս պահին Հանրապետական կուսակցության գրասենյակի առջև են. նրանք պահանջում են ՀՀԿ-ական պատգամավորներից ներկայանալ Ազգային ժողով և մասնակցել արտահերթ նիստին: Ինչպես հաղորդում է ՍիվիլՆեթի թղթակիցը, ՀՀԿ գրասենյակի դիմաց հավաքված են մեծ թվով ոստիկաններ:
Ցուցարարների երթը սկսվել էր Ազգային ժողովի շենքի մոտից, որտեղ նոյեմբերի 15-ին` ժամը 11։30-ին մեկնարկել էր «Ընդդեմ կենսաթոշակային պարտադիր վճարների» նախաձեռնության և նրանց միացած մի քանի հարյուր քաղաքացիների բողոքի ակցիան: Այն բանից հետո, երբ ՀՀԿ խմբակցությունը տապալեց արտահերթ նիստը, բողոքի ակցիայի մասնակիցները որոշեցին երթով շարժվել դեպի կառավարության շենք, ապա ՀՀԿ գրասենյակ:
Ինչպես հաղորդում է ՍիվիլՆեթի թղթակիցը, կառավարության շենքի մոտ ՀԱԿ պատգամավոր Լևոն Զուրաբյանը, որը ընդդիմադիր մի շարք պատգամավորների հետ միացել էր երթին, հրաժարվեց շարունակել այն դեպի ՀՀԿ` նշելով, որ ինքը չի ցանկանում որևէ բան պահանջել հանրապետական պատգամավորներից:
ԱԺ ՀՅԴ խմբակցությունը նոյեմբերի 11-ին հայտարարել էր, որ խորհրդակցություններ է սկսելու խորհրդարանական մյուս խմբակցությունների հետ՝ արտահերթ նիստ հրավիրելու 2014թ. հունվարի 1-ից ուժի մեջ մտնող «Կենսաթոշակային բարեփոխումների մասին օրենքի» հարցով: Նոյեմբերի 13-ին համանման հայտարարությամբ էր հանդես եկել նաև ՀԱԿ խմբակցությունը:
Նոյեմբերի 13-ին ԱԺ Հայ հեղափոխական դաշնակցություն, «Ժառանգություն», «Հայ ազգային կոնգրես» և «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունները ստորագրահավաք էին իրականացրել` հավաքելով արտահերթ նիստի հրավիրման համար անհրաժեշտ 44 ստորագրությունները:
«Ընդդեմ կենսաթոշակային պարտադիր վճարների» նախաձեռնությունը, իր հերթին, բաց նամակով դիմել էր ԱԺ պատգամավորներ Հրանտ Բագրատյանին, Նիկոլ Փաշինյանին, Լևոն Զուրաբյանին, Արծվիկ Մինասյանին, Նաիրա Զոհրաբյանին, ինչպես նաև մի շարք այլ պատգամավորների՝ Կուտակային կենսաթոշակների մասին օրենքի պարտադիրության սկզբունքն անվավեր ճանաչելու համար ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու և սահմանադրական դատարան դիմելու նպատակով ստորագրահավաք նախաձեռնելու վերաբերյալ: