Ավարտվել է Սերժ Սարգսյանի եռօրյա այցը ԼՂՀ զորամասեր

Նոյեմբերի 15-ին ավարտվել է հայկական երկու հանրապետությունների փոխգործակցության շրջանակում կայացած` ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի եռօրյա աշխատանքային այցը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի զորամասեր և առաջնագիծ:

Ինչպես հաղորդում են նախագահի մամուլի ծառայությունից, աշխատանքային այցի շրջանակում Արցախում գտնվող նախագահ Սերժ Սարգսյանը նոյեմբերի 14-ին ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանի և հայկական երկու հանրապետությունների պաշտպանական գերատեսչությունների ղեկավարների ու բարձրագույն սպայական կազմի հետ այցելել է պաշտապանության բանակի կենտրոնական ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկը:

Նախագահը շարահրապարակում անձնակազմին ողջունելուց հետո զրուցել է զինվորների և սպայական կազմի հետ, այնուհետ դիտել հետախուզական վաշտի ցուցադրական պարապմունքը:

ՀՀ և ԼՂՀ նախագահները ծաղկեպսակ են դրել զորամասի տարածքում կառուցված զոհված ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշարձանին և հարգանքի տուրք մատուցել:

Սերժ Սարգսյանը և Բակո Սահակյանը զորամասի տարածքում բանակային շինությունների բացման հանդիսավոր արարողությունից հետո դիտել են մարտական հերթապահության մեկնող անձնակազմի նախապատրաստական պարապմունքները և խրախուսել լավագույն արդյունք ցուցաբերածներին: Հայկական երկու հանրապետությունների նախագահներն այցելել են նաև հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկը, որտեղ բացվել է ծառայության համար անհրաժեշտ բոլոր հարմարություններով նորակառույց շտաբի մասնաշենքը: Նախագահներն այստեղ դիտել են արգելագոտու հաղթահարման ուղղությամբ անձնակազմի վարժանքները:

Ստեփանակերտում նոյեմբերի 15-ի առավոտյան տեղի է ունեցել Սերժ Սարգսյանի և Բակո Սահակյանի առանձնազրույցը, որին հաջորդել է ընդլայնված կազմով խորհրդակցություն՝ ՀՀ պատվիրակության և ԼՂՀ վարչապետի ու կառավարության անդամների մասնակցությամբ:

Մեկնաբանել