Կենսաթոշակային նոր համակարգի հարցով արտահերթ նիստը տապալվեց Բաղրամյան 26-ի հրահանգով. նոյեմբերի 15-ին Ազգային ժողովում ՍիվիլՆեթի թղթակցի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ԱԺ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը:
Նա նշեց, որ իրենք արտահերթ նիստին ներկայություն էին ակնկալում ՀՀԿ խմբակցության մի մասից` ի պատասխան նոյեմբերի 14-ին բյուջեի քննարկումներն ավարտելու համար արտահերթ նիստ գումարելու հարցում ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի խնդրանքին ընդառաջելուն:
«Բայց արի ու տես, որ իրենք ապրում են աջ դարձ, ձախ ուսն առաջ, քայլով մարշ սկզբունքով և այդպես էլ արեցին: Իրենք վախենում են քննարկումներից, իրենք բաց քննարկման տեսակ չեն, որովհետև բաց քննարկման ժամանակ իրենք կջախջախվեն, կպարտվեն»,- ասաց ՀԱԿ պատգամավոր:
Դիտարկմանը, որ այսպիսի գործողություններից հետո խորհրդարանը` որպես փոփոխությունների գործիք, դադարում է գոյություն ունենալուց, Մանուկյանը նշեց, որ մշտապես այդպես է եղել: Նրա խոսքով` Բաղրամյան 26-ն է որոշում` «պատգամավորներն ինչպես շնչեն և նույնիսկ կարող է նրանց փողկապի գույնը որոշել»:
«Մի տեղից է հրահանգը գալիս, և այդ է մեր պառլամենտի հիվանդ տեղը, պարզապես դա օրինաչափ է այնքանով, որ իրենց վրա գործեր կա, բիզնես ունեն, դրա համար են խելոք ենթարկվում: Ինչո՞ւ է Տիգրան Սարգսյանի դուխն այդքան բարձր այստեղ նստածների վրա, որովհետև գիտի` ով ինչ բիզնես ունի, ով հարկ չի մուծում, ով ինչով է զբաղվում»,- ասաց Մանուկյանը` տեսակետ հայտնելով, որ «եթե հինգ րոպե հետո նախագահը հանկարծ որոշի, որ պետք է քվեարկեն, ապա կգան ու կանեն»:
Հարցին, թե կուտակային բաղադրիչի մեկ տարով հետաձգելն ինչ վտանգ կարող է ներկայացնել կառավարության համար, Մանուկյանը պատասխանեց, որ կձախողվեր 2014թ. բյուջեն:
«Այս ծրագիրը մոտ 44 մլդ դրամ է, կքանդվի ամբողջ կոնցեպցիան, որովհետև այն ծրագրերը, որոնք իբր անելու են աշխատավարձերը բարձրացնելու համար, գումարային առումով համարյա նույնն են: Այսինքն` ինչքան գումար, որ պետք է դնեն աշխատավարձերի բարձրացման համար, մոտավորապես այնքան են, որքան պետք է հավաքեն կուտակային ֆոնդի համար, թվերն էլ համարյա նույնն են»,- ասաց ՀԱԿ Արամ Մանուկյանը:
Նա նորմալ որակեց դիտարկումը, որ ՀԱԿ խմբակցության որոշումների հետ նրա անդամները երբեմն չեն համաձայնում:
«Հո մենք Հանրապետակա՞նը չենք: Ես ունեմ իմ տեսակետը, Հրանտ Բագրատյանը` իրենը, Լևոն Զուրաբյանը` իրենը: Մենք վիճում ենք, քննարկում ենք, համաձայնության չենք գալիս: Իսկ ինչի՞ է նման 80 մարդուց կազմված խմբակցությունը, որը նույն տեմպով է շնչում, նույն բանով է խոսում: Նրանք ինդիվիդուլանե՞ր են»,- ասաց Մանուկյանը:
Նոյեմբերի 13-ին ԱԺ Հայ հեղափոխական դաշնակցություն, «Ժառանգություն», «Հայ ազգային կոնգրես» և «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունները ստորագրահավաք էին իրականացրել` հավաքելով արտահերթ նիստի հրավիրման համար անհրաժեշտ 44 ստորագրությունները: