Հերքվել է Ադրբեջանի օմբուդսմենի տարածած տեղեկատվությունը

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը հայտարարություն է տարածել, որում տեղեկացնում է, որ Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օմբուդսմենների համագործակցության արդյունքում Եվրոպական օմբուդսմենի ինստիտուտը հերքել է Ադրբեջանի տարածած տեղեկատվությունն այն մասին, թե իբրև ԼՂՀ օմբուդսմեն Յուրի Հայրապետյանը Ավստրիայի Ինսբրուկ քաղաքում տեղի ունեցած Օմբուդսմենի եվրոպական ինստիտուտի համաժողովից հեռացվել է:

Հայտարարությունում, մասնավորապես ասված է. «Նոյեմբերի 15-ին Եվրոպական Օմբուդսմենի ինստիտուտը հայտարարություն է տարածել, որով հերքել է Ավստրիայի Ինսբրուկ քաղաքում համաժողովի ժամանակ տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ Ադրբեջանի օմբուդսմենի կայքէջում տեղ գտած ապատեղեկատվությունը: Եվրոպայի օմբուդսմենի ինստիտուտի գլխավոր քարտուղար Յոզեֆ Զիգելեի հայտարարության մեջ մասնավորապես ասվում է. «Ի պատասխան կայքի հոդվածին Եվրոպական օմբուդսմենի ինտիտուտը հայտնում է, որ այն տեղեկատվությունը, թե Յուրի Հայրապետյանը հեռացվել է կոնֆերանսից, իրականությանը չի համապատասխանում: Յուրի Հայրապետյանը չի հեռացվել կոնֆերանսից: Ճշմարտությունն այն է, որ Գլխավոր քարտուղարը Գլխավոր Ասամբլեայի պաշտոնական հանդիպման ժամանակ արգելել է Ադրբեջանի ներկայացուցչին քաղաքական հայտարարություններ անել: Յուրի Հայրապետյանը` Լեռնային Ղարաբաղի մարդու իրավունքների պաշտպանը տարիներ ի վեր հանդիսանում է Եվրոպայի օմբուդսմենների ինստիտուտի պաշտոնական «անհատական» անդամ»:

ՄԻՊ-ը հիշեցնում է, որ սեպտեմբեր ամսին Ավստրիայի Ինսբրուկ քաղաքում տեղի ունեցած Օմբուդսմենի եվրոպական ինստիտուտի 25-րդ տարեդարձին նվիրված համաժողովի ժամանակ Արցախի մարդու իրավունքների պաշտպան Յուրի Հայրապետյանի ելույթից հետո խոսք է խնդրել Ադրբեջանի օմբուդսմենի ներկայացուցիչը (օմբուդսմենը բացակայում էր)` բողոք հայտնելով համաժողովին ԼՂՀ օմբուդսմենի մասնակցության կապակցությամբ:

Միջադեպից հետո Ադրբեջանի օմբուդսմենի պաշտոնական կայքում տեղադրվեց բացահայտ ապատեղեկատվություն այն մասին, թե իբր Ադրբեջանի ներկայացուցչի ելույթից հետո Յուրի Հայրապետյանին հեռացրել են համաժողովից: Ընդ որում, այս ապատեղեկատվությունը Ադրբեջանի օմբուդսմենի կայքէջում տեղադրվել էր միայն ադրբեջաներեն լեզվով:

Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի օմբուդսմենների համագործակցության և հետևողականության արդյունքում նոյեմբերի 14-ին Եվրոպական օմբուդսմենի ինստիտուտը պաշտոնապես հերքեց ադրբեջանական ապատեղեկատվությունը»:

Մեկնաբանել