Հրանտ Դինքի ընտանիքի փաստաբան, իրավապաշտպան Ֆեթհիյե Չեթինը ՍիվիլՆեթի հետ զրույցում պատմել է «Ամոթ եմ զգում» իր գրքի, Դինքի դատավարության և արդարություն պահանջելու ռիսկերի մասին: Չեթինի կարծիքով` «ոչ մի տեղ իրավունքներն առանց պահանջելու չեն տրվում»:
«Գիրքը գրելու շատ պատճառներ ունեի. առաջնային պատճառն այն է, թե ինչու (Դինքի) սպանությունից անցել է յոթ տարի, սակայն սպանության բացահայտմանը միտված դատավարություն չի իրականացվում»,- այսպես պատասխանեց Ֆեթհիյե Չեթինն այն հարցին, թե որոնք էին յոթ տարի տևած դատավարությունից հետո «Ամոթ եմ զգում» գիրքը գրելու դրդապատճառները, և ինչի մասին է այն:
Ֆեթհիյե Չեթինի համոզմամբ` եթե այսօր Թուրքիայում մարդկանց հարցնեն, թե արդյոք Հրանտ Դինքի սպանությունն իրականացրել են դատավարության մեջ ներգրավված այս 3 կամ 5 մա՞րդը, նրանք կպատասխանեն, որ այդպես չէ: Դինքի ընտանիքի փաստաբանը վստահ է, որ «Ակօսի» խմբագրապետի սպանության հետևում խորքային ուժեր են կանգնած, որոնք տվել են սպանության հրամանը և ծրագրել այն:
«Դատավարության ընթացքում փորձել ենք դատավորներին և դատախազներին ներկայացնել սպանության վերաբերյալ այն ամենը, ինչ լսել ենք, տեսել ենք, բոլոր վկայությունները, ներկայացնել այս և այլ գործերի թղթապանակներում առկա փաստարկները: Սակայն, ավաղ, դրանք թղթապանակում տեղ չգտան, դրանց առնչությամբ հետաքննություն չիրականացվեց: Ես հենց այս ամենի մասին որոշեցի գրել, հանրությանը տեղեկացնել: Հրանտ Դինքի խոսքով՝ իսկական դատավորը ժողովուրդն է, և ես ցավերս նրանց պատմելու համար որոշեցի գրել»,- ասաց Չեթինը:
Անդրադառնալով Հրանտ Դինքի գործով կասկածյալ Էրհան Թունջելի ձերբակալմանը և նրա արած հայտարարություններին` Չեթինն ասաց, որ ինչպես Թունջելն էր միշտ ասում` պետությանը ծառայություն է մատուցել, և իր պաշտպանության ռազմավարությունն էլ սրա վրա էր կառուցում:
«Թունջելը մի ուղերձ հղեց, որն իմ գրքում ես ինչ-որ չափով նշել էի՝ սպանությունը Էրգենեկոնից ավելի խորքային մի կառույցի գործն է: Կարծում եմ՝ Թունջելն իր ուղերձով մատնացույց էր անում այդ կառույցին և ասում՝ եթե ինձ չփրկեք՝ կխոսեմ», – այսպես մեկնաբանեց Չեթինը Էրհան Թունջելի հայտարարությունները և նշեց, որ Թունջելի երկար ժամանակ չձերբակալվելը վերոնշյալ կառույցի հետ բանակցությունների մեջ լինելու պատճառով էր:
Ինչ վերաբերում է թուրքական կառավարության ու դրա ղեկավար Ռեջեփ Թայիփ Էրդողանի` սպանության հետևում կանգնած մութ ուժերին բացահայտելու ուղղությամբ ջանքերին, ապա, ըստ Ֆեթհիյե Չեթինի, կառավարությունն իր իշխանությունն ապահովելու համար այս կառույցի մի մասի հետ կապ է պահպանում և պայմանավորվածություններ ունի:
Չեթինը նաև պատասխանեց հարցին, թե որքանով է հիմնավոր շրջանառվող այն կարծիքը, որ Դինքը սպանվել է հայ լինելու համար, և արդյոք հանցագործները չեն բացահայտվում, որովհետև հայ են սպանել:
«Այս երկրի պատմությունը մի կողմից լցված է չբացահայտված սպանություններով, իսկ մյուս կողմից՝ այդ գաղտնի կառույցի գործունեությամբ: Այստեղ Հրանտի հայ լինելու կարևորությունը կայանում է նրանում, որ տարիների ընթացքում, երբ թիրախում էին հայտնվում լրագրողներ և մտավորականներ, երբեմն տարբեր խմբեր պաշտպանում էին նրանց, իսկ քանի որ Հրանտը հայ էր, նրան ոչ ոք չօգնեց: Սա էլ պետության և հասարակության մեջ իշխող մտածելակերպն է ցույց տալիս»,- ասաց Չեթինը:
Արդյոք չի՞ վախենում արդարության մասին խոսել Թուրքիայում, որտեղ խորքային պետության ձեռքերն այդքան երկար են հարցին Ֆեթհիյե Չեթինը պատասխանեց. «Ոչ մի տեղ ժողովրդավարությունը վերևից հեշտորեն չի տրվում, ոչ մի տեղ իրավունքները առանց պահանջելու չեն տրվում: Ամբողջ աշխարհում է այդպես՝ պայքար մղելիս ինչ-որ գին պետք է վճարես: Եթե ինձնից էլ այդ գինը պետք է պահանջվի՝ ես պատրաստ եմ դրան, միայն թե ճշմարիտ ապրեմ»:
Հարցազրույցն ամբողջությամբ` այստեղ: