Երևանում հնդիկ ուսանող է մահացել պարանոցի շրջանի կտրվածքից

Նոյեմբերի 16-ին «Էրեբունի» բժշկական կենտրոն տեղափոխելու ճանապարհին պարանոցի շրջանում ստացված կտրվածքից մահացել է ազգությամբ հնդիկ մի երիտասարդ: Ինչպես հաղորդել էր Shamshyan.com-ը, ավելի վաղ քաղաքացիների կողմից ահազանգ էր ստացվել ոստիկանության Էրեբունու բաժին, որ Նոր Արեշ 8-րդ փողոցի վերջնամասում գտնվող տներից մեկի մոտ ծայրահեղ ծանր վիճակով երիտասարդ տղա կա: Դեպքի վայրում օպերատիվ քննչական խումբը հայտնաբերել էր մի քանի բջջային հեռախոս, արյունոտված դանակներ, որոնցից եկուսը` կոտրված:

Երիտասարդ հնդիկի հետ Էրեբունի բժշկական կենտրոն էր տեղափոխվել Ավանեսովի նրբանցքի 24-ամյա բնակչուհի Աստղիկ Աղաջանյանը:

Դեպքի վերաբերյալ ՍիվիլՆեթը փորձեց մանրամասներ ճշտել ՀՀ ոստիկանությունից և Հայաստանում Հնդկաստանի դեսպանատնից, սակայն երկու կառույցներում էլ հեռախոսազանգերին չպատասխանեցին: «Էրեբունի» բժշկական կենտրոնից էլ տեղեկացրին, որ Աստղիկ Աղաջանյանը վերակենդանացման բաժանմունքից տեղափոխվել է վիրաբուժական բաժանմունք, վիրահատվել է և այժմ վիճակը կայուն է: Այլ մանրամասների համար բժշկական կենտրոնից խնդրեցին զանգահարել հաջորդ օրը` նոյեմբերի 18-ին:

Ըստ Shamshyan.com-ի տեղեկությունների` մահացածը Դենիշ Դաբուն էր, որը սովորում էր Երևանի բուհերից մեկում: Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 34-104 հոդվածի հատկանիշներով:

Մեկնաբանել