Եթե Աթաթուրքը չլիներ, անունդ կլիներ Յորկո…

Թուրքիան տարօրինակ և հակասական իրողություններով գոյատևող երկիր է:

Էրդողանի կուսակցության իշխանության գալուց հետո քեմալիստական զգայունությունները սկսեցին թուլանալ: Դրանցից ամենագլխավորը նոյեմբերի 10-ին Աթաթուրքի մահվան տարելիցի հիշատակումն է: Քեմալի մահվանից հետո այն դարձել էր պաշտոնական սգի օր, և նախկինում այդ օրը պետք էր հիշել Քեմալին, ափսոսալ նման հանճարի կորստի համար, հավաստիացնել, որ նրա նմանն էլ չի ծնվի, իսկ եթե նույնիսկ հայտնվի, չպետք է նկատի ունենալ, այսինքն ցանկալի է անմահացնել Քեմալին և ոչ թե ազգի նոր հերոս ունենալ:

Վերջին տարիներին թուլացած այս սովորությունները, որոնց համաձայն, նոյեմբերի 10-ին ժամը 9:05-ին ողջ երկրում մեկ րոպեով ամեն աշխատանք դադարեցվում էր, միացվում էին սիրենաները, փողոցում գտնվող բոլոր հետիոտները, մեքենաները, գնացքներն ու նավերը, եթե հնարավոր լիներ նաև օդանավերը, կանգ էին առնում, պետական հաստատություններում, նույնիսկ բնակարաններում, ամենուր բոլորը ոտքի էին կանգնում և հոտընկայս հարգանքի տուրք մատուցում Աթաթուրքի հիշատակին:

«Իմաստուն» Աթաթուրքը նույնիսկ իր մահվան ժամն էր հարմարեցրել քեմալիզմի գաղափարների պրոպագանդմանը: Փաստորեն «նա» այնպիսի հարմար ժամ էր ընտրել մահվան համար, որ բոլորը լինեն աշխատատեղերում, օրը դեռ նոր սկսված լինի և նվիրվի իր հիշատակի խնկարկմանը:

Այսօրվա քաղաքական իրավիճակում նոյեմբերի 10-ն այլևս նախկին լրջությամբ չի նշվում, դրան ավելի ուշադրություն են դարձնում Քեմալի «Հանրապետական ժողովրդական կուսակցությունը» և քեմալիզմով տառապող քաղաքացիների մի մասը: Հակասական է, բայց այսօր քեմալիստները, դժգոհ լինելով իսլամի բարձրացումից, ճիշտ են համարում Քեմալի մահվան տարելիցը հիշատակել մզկիթում՝ հատուկ նրա համար արված աղոթքով: Այսինքն՝ նամազ են անում իսլամն արգելող առաջնորդի հոգու համար:

Նամազից դուրս եկած հանրապետական պատգամավոր Մուարեմ Ինջեն, հիշատակելով Աթաթուրքի կորստի անդառնալիությունը, հայտարարել է. «Եթե Աթաթուրքը չլիներ, այսօր բոլորիդ անունները կլինեին Դմիտրի, Յորկո կամ Հակոբ, չէիք կարող գոյատևել որպես Ահմեդ և Հուսեյն», նույնիսկ հաշվի չառնելով, որ Թուրքիայում այնուամենայնիվ դեռ որոշ դմիտրիներ, յորկոներ ու հակոբներ են շարունակում գոյատևել:

Պետք է հիշել սովորաբար ժողովրդավարության, հավասարության, փոքրամասնության իրավունքների հարցում իրեն առաջատար համարող այս կուսակցության հարյուրամյա քաղաքականությունը և չպետք է մտածել, որ դա նոր զարգացում է:

Քեմալի հիմնած կուսակցությունն Ինենյուի ղեկավարման ներքո ևս շարունակեց վարել հակաժողովրդավարական, ազգայնական և հատկապես հակաքրիստոնեական քաղաքականություն: Փոքրամասնությունների հարստության տարբեր միջոցներով պետականացումից և թուրքացման գաղափարից հարբած Ինենյուն չկարողանալով զսպել իր թշնամանքը և ուրախությունը՝ հրապարակավ հայտարարել էր. «Այս երկրում քրիստոնյաներին այն օրն եմ գցելու, որ իրենք միայն շուկայում կիտրոն կարողանան վաճառել»:

Քեմալիստների այս վերաբերմունքը չսահմանափակվեց միայն կուսակցական խաղերով և պառլամենտական օրինագծերով, այլ շարունակվեց մինչև բանակի հետ համագործակցություն և իրենց շահերի պաշտպանության համար խորքային պետության ստեղծումը: Փաստորեն իթթիհադական գաղափարախոսությունն այս միջոցով թափանցեց կառավարության և քաղաքականության մեջ:

Հայերն ու մնացած քրիստոնյաներն այս ամենը ճիշտ հասկացան և ժամանակին աջակցեցին ավելի կրոնական և պահպանողական հայացքների տեր Մենդերեսի «Ժողովրդական կուսակցությանը», սակայն այն օրերին ծիլեր տված խորքային պետությունը, կազմակերպելով 1955-ի սեպտեմբերի 6-7-ի դեպքերը, ոչ միայն խանգարեց փոքրամասնություններին աջակցել այդ կուսակցությանն, այլև նրա վրա բարդելով դրանց պատասխանատվությունը կախաղան բարձրացրին:

Այսօր շատ հարցականներ կան այն հարցում, թե Թուրքիայում ապրող քրիստոնյան ինչպես կարող է ավելի լավ կարծիք ունենալ և քվեարկել պահպանողական և իսլամիստ Էրդողանի կուսակցության օգտին: Պատասխանը շատ պարզ է. տվյալ կուսակցությունն ավելի մարդասեր է, և ինչքան էլ տարօրինակ թվա, այն քրիստոնյային իրեն թշնամի չի դիտում: Ինչպես Էրդողանն է ասում. «Մենք սիրում ենք բոլոր մարդկանց, քանի որ բոլորին էլ Աստված է ստեղծել»:

Photo: daylife.com

Մեկնաբանել