Վրաստանը և Իսրայելը անայցագիր ռեժիմի մասին համաձայանգիր են ստորագրել

Վրաստանի ներքին գործերի նախարար, ապագա վարչապետ Իրակլի Գարիբաշվիլին և Իսրայելի ներքին գործերի փոխնախարար Ֆաինա Կիրշենաբումը նոյեմբերի 18-ին Թբիլիսում ստորագրել են երկու երկրների միջև անայցագիր ռեժիմի սահմանման մասին համաձայնագիր, հաղորդում է civil.ge-ն: Անայցագիր ռեժիմի սահմանման մասին Իսրայելի կառավարության որոշման վերաբերյալ Իսրայելի փոխարտգործնախարարը հայտարարել էր դեռ նոյեմբերի 1-ին:
Համաձայնագիրը, որն ուժի մեջ կմտնի երկու երկրների օրենսդիրների կողմից վավերացվելուց հետո, Վրաստանի քաղաքացիներին հնարավորություն կտա Իսրայել առանց այցագիր այցելել 90 օր՝ 6 ամսվա ընթացքում:
Մինչ այս համաձայնագիրը Վրաստանը Իսրայելի քաղաքացիների համար միակողմանի անայցագիր ռեժիմի էր սահմանել:
«Այսօր մենք ստորագրել ենք պատմական համաձայնագիր», -փաստաթղթի ստորագրումից հետո ասել է Գարիբաշվիլին:
Անայցագիր ռեժիմի սահմանման մասին հարցը Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին օրակարգ էր մտցրել 2013թ. հունիսին Իսրայել իր այցի ընթացքում:

Մեկնաբանել