Ոստիկանությունը հետախուզում է Փարիզի կենտրոնը՝ գտնելու զինված տղամարդուն, որը նոյեմբերի 18-ին Liberation ձախ ուղղվածության պարբերականի խմբագրությունում վիրավորել է մեկ մարդու, ապա առանց զոհի հրաձգություն է կազմակերպել Societe Generale բանկի գլխավոր գրասենյակի մոտ, հաղորդում է BBC-ն:
Փարիզի արևմուտքում՝ բանկի կենտրոնակայանի մոտ, հրաձգությունը, որի հետևանքով որևէ մեկը չի տուժել, տեղի է ունեցել երկու ժամ անց Ֆրանսիայի մայրաքաղաքի արևելյան մասում Liberation-ի խմբագրության վրա իրականացված հարձակումից:
Այնուհետև չարագործը, սպառնալով զենքով, վարորդին ստիպել է իրեն տանել Փարիզի կենտրոն՝ Ելիսեյան դաշտեր, որից հետո ազատ է արձակել պատանդին և փախուստի է դիմել:
Liberation-ի տվյալների համաձյան՝ տուժողը պարբերականի լուսանկարչի 27-ամյա օգնականն է:
Ինչպես հաստատվել է տեսախցիկների ձայնագրությունների միջոցով, այն նույն մարդը, որ հրաձգություն է իրականացրել նոյեմբերի 18-ին, նոյեմբերի 15-ին գնացել էր BFMTV լրատվական հեռուստաալիքի խմբագրություն և սպառնացել էր աշխատակիցներին: Այդ ժամանակ նա զինված էր եղել, սակայն զերծ էր մնացել կրակ բացելուց, և ոչ ոք չէր տուժել:
Ոստիկանությունը հսկողություն է սահմանել Փարիզի հիմնական բոլոր լրատվամիջոցների շենքերի մոտ:
Կասկածյալը բնութագրվում է որպես 40-45 տարեկան տղամարդ: Պատանդ վերցված վարորդին նա ասել է, որ նռնակներ ունի, հաղորդում են ֆրանսիական լրատվամիջոցները: