Greenpeace-ի Arctic Sunrise նավի բժիշկը գրավի դիմաց ազատ կարձակվի

Greenpeace էկոլոգիական իրավապաշտպան կազմակերպության Arctic Sunrise նավի բժիշկ Եկատերինա Զասպան գրավի դիմաց ազատ կարձակվի: Ինչպես հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը, նոյեմբերի 18-ի երեկոյան այսպիսի որոշում է կայացրել Սանկտ Պետերբուրգի Պրիմորսկի շրջանային դատարանը:

Նա ազատ կարձակվի, երբ վճարվի գրավը՝ 2 մլն ռուբլի ($60,6 հազ.):

Նոյեմբերի 18-ին՝ ավելի վաղ, դատարանը երեք ամսով երկարացրել էր նավի ռադիստ, ավստրալացի Քոլին Ռասելի կալանքը՝ մինչև 2014թ. փետրվարի 24-ը:

Դատարանում նա հայտարարել էր, որ օրենք չի խախտել և չի հասկանում պատճառը, որի համար ձերբակալվել է:

Greenpeace-ի 28 ակտիվիստների և երկու լրագրողների կալանքի ժամկետը երկարացնել դատարանին խնդրել է հետաքննությունը: Մուրմանսկի դատարանի՝ դեռ այս տարվա սեպտեմբերին նշանակած ժամկետն ավարտվում է նոյեմբերի 24-ին:

Հիշեցնենք, որ 30 մարդ, այդ թվում՝ 19 երկրի քաղաքացի, սեպտեմբերի կեսին երկու ամսով կալանավորվեց ակցիայից հետո, որի ընթացքում Greenpeace-ի ակտիվիստները փորձել էին, ինչպես հայտարարվել է, պաստառ փակցնել ռուսական գազային հսկա «Գազպրոմին» պատկանող «Պրիրազլոմնայա» նավթային հարթակի վրա՝ այդպիսով բողոքելով Արկտիկայում նավթի արդյունահանման դեմ։

Arctic Sunrise նավը, որի վրայից իրականացվել էր ակցիան, կալանվել էր և ուղարկվել Մուրմանսկի նավահանգիստ։

Նավի բոլոր 30 անդամներին հոկտեմբերի 3-ին առաջադրվել էին ծովահենության մեղադրանքներ. այս հոդվածով նրանց սպառնում էր մինչև 15 տարի ազատազրկում։

Սակայն հոկտեմբերի 24-ին Վլադիմիր Մարկինը հայտարարեց, որ քննիչները վերաորակավորել են Artic Sunrise նավի անձնակազմի դեմ քրեական գործը «ծովահենություն» հոդվածից «խուլիգանություն» հոդվածի, որով նրանց սպառնում է առավելագույնը յոթ տարի ազատազրկում։

Greenpeace-ը կտրականապես հերքում է բոլոր մեղադրանքները՝ հայտարարելով, որ ակցիան եղել է միանգամայն խաղաղ:

Բոլոր 30 ձերբակալվածները այս ամիս Մուրմանսկի քննչական մեկուսարաններից տեղափոխվել էին Սանկտ Պետերբուրգ:

Չնայած նրան, որ մեղարդնանքը «ծովահենությունից» վերաորակավորվել է «խուլիգանության», հետաքննությունը պահանջում է կալանքը երկարացնել ևս երեք ամսով:

Մեկնաբանել