Պուտինը դեկտեմբերի սկզբին կայցելի Հայաստան. Լավրով

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը դեկտեմբերրի սկզբին կայցելի Հայաստան, հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը: Այս մասին հաղորդում է ռուսական «Ինտերֆաքս» գործակալությունը:

«Էդվարդ Նալբանդյանի հետ մենք անցկացրել ենք բանակցություններ, որոնք դիտարկում ենք որպես Ռուսաստանի Դաշնության նախագահի՝ դեկտեմբերի սկզբին Հայաստանի Հանրապետություն առաջիկա այցի նախապատրաստման կարևոր փուլ»,- ասել է Լավրովը նոյեմբերի 18-ին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ ունեցած բանակցությունների արդյունքներով մամուլի ասուլիսին:

Ինչպես նշել է Լավրովը, այժմ կարելի է ասել, որ Հայաստանի՝ Մաքսային միությանը միանալու վերաբերյալ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հետ անհրաժեշտ բանակցություններ սկսելու գործընթացն ընթանում է ամբողջ թափով: «Մենք ամեն կերպ կնպաստենք, որ այն ավարտվի ժամանակին»,- ասել է Ռուսաստանի արտգործնախարարը:

Վլադիմիր Պուտինի՝ Հայաստան այցի վերաբերյալ լուրերը մամուլում շրջանառվում էին դեռ հոկտեմբերի վերջ-նոյեմբերի սկզբից: ՍիվիլՆեթը նոյեմբերի 7-ին կապ էր հաստատել Ռուսաստանի նախագահի մամուլի ծառայության հետ՝ ճշտելու տեղեկատվությունը: Այնտեղ ո´չ հերքել, ո´չ էլ հաստատել էին այն:

Մեկնաբանել