Համաշխարհային բանկի երևանյան գրասենյակի ղեկավար Ժան Միշել Հափիի և ՀԲ Հարավային Կովկասի
տարածաշրջանային տնօրեն Հենրի Քերալիի համատեղ մամուլի ասուլիսը, 19-ը նոյեմբերի, Երևան։
Հայաստանում օտարերկրյա ներդրումների ծավալի կրճատումը պետք է դիտարկել համաշխարհային զարգացումների համատեքստում, նոյեմբերի 19-ին Համաշխարհային բանկի երևանյան գրասենյակի ղեկավար Ժան Միշել Հափիի հետ համատեղ ասուլիսին նշեց ՀԲ Հարավային Կովկասի տարածաշրջանային տնօրեն Հենրի Քերալին։
Ըստ Քերալիի՝ Արժույթի միջազգային հիմնադրամի կանխատեսումներով, այս տարի համաշխարհային տնտեսությունը կարձանագրի 2,9% աճ, ինչը վերջին տասը տարիների ամենացածր ցուցանիշն է։ «Հասկանալի է, որ համաշխարհային տնտեսությունում ներդրումների կրճատումը չի կարող ազդեցություն չունենալ Հայաստանի վրա»,- ասաց ՀԲ պաշտոնյան։
Մյուս կողմից, Հայաստանը պետք է մյուս երկրների հետ մրցակցի օտարերկրյա ներդրողների համար։ «Հայաստանը պետք է բարձրացնի տնտեսության մրցունակությունը, բարելավի ներդրումային միջավայրը, մասնավորապես՝ ապահովի արդար մրցակցային դաշտ, ստեղծի ներդրողների համար եկամուտներ ապահովող պայմաններ»,- ասաց Հենրի Քերալին՝ հավելելով, թե պետք է բարելավել նաև բիզնես միջավայրը, կառավարման մակարդակը, նվազեցնել կոռուպցիայի աստիճանը։
«Գործարար միջավայրը դեռ ցանկալի մակարդակում չէ»,- շեշտեց ՀԲ պաշտոնյան՝ նշելով, թե վերջին տարիներին Համաշխարհային բանկը Հայաստանին աջակցություն է ցուցաբերել գործարար միջավայրի և կառավարման որակի բարձրացմանն ուղղված ծրագրերում, և որոշակի առաջընթաց այստեղ արձանագրվել է։
Հարցին՝ տեղյակ է արդյոք ՀԲ երևանյան գրասենյակը, թե ինչու է ձգձգվում աշխարհի երկրորդ խոշոր առևտրային ցանցի՝ Carrefour-ի մուտքը հայկական շուկա, գրասենյակի ղեկավար Ժան Միշել Հափին նշեց, որ գիտեն իրավիճակին մասին, սակայն կարծիք հայտնել չի կարող մասնավոր ընկերության մասին։ «Բայց դա նույնպես մտնում է այն մրցակցային դաշտի ստեղծման մեջ, որի մասին մենք խոսում ենք»,- ասաց նա։