ԵՄ-ն է, որ ճնշում է և ստիպում ընտրել. Լավրով

Եվրոպական Միությունը ճնշում է գործադրում ԵՄ Արևելյան գործընկերության երկրների վրա՝ նրանց ստիպելով ընտրել Ռուսաստանի և եվրոպական ինտեգրման միջև, նոյեմբերի 19-ին հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը, հաղորդում է «ՌԻԱ նովոստի» գործակալությունը:

«Եթե համեմատենք մեր ազնիվ և ընկերական դիրքորոշումը նրա հետ, ինչ անում են ԵՄ որոշ ներկայացուցիչներ, ապա, թերևս, հենց այն կողմից է, որ թիրախային պետության վրա անամոթաբար ճնշում է գործադրվում և հայտարարվում է՝ «պետք է ընտրեք՝ կամ հետ՝ դեպի մութ անցյալ, կամ մեզ հետ՝ դեպի պայծառ ապագա»»,- ասել է ՌԴ արտգործնախարարը:

Նրա խոսքով՝ ԵՄ-ից և ոչ մեկը չի ասել այն խոսքերը, որոնցից Ռուսաստանը սկսում է Արևելյան գործընկերության հանդեպ իր դիրքորոշումը ձևակերպելիս:

«Դա յուրաքանչյուր պետության ինքնիշխան ընտրությունն է: Ոչ մի եվրոպական պաշտոնյա նման արտահայտություն չի արել: Նրանք ասում են՝ «պետք է ընտրեք», սակայն ի օգուտ Եվրամիության, հակառակ դեպքում՝ կկործանվեք»,- ասել է Լավրովը:

ԵՄ Արևելյան գործընկերության երկրներից Ուկրաինան, ակնկալվում է, որ ԵՄ-ի հետ Ասոցացման մասին համաձայնագիրը կստորագրվի Արևելյան գործընկերության՝ նոյեմբերի 28-29-ին Վիլնյուսում կայանալիք գագաթաժողովին, եթե այս երկրի իշխանությունները հասցնեն մինչ այդ կատարել փաստաթղթի ստորագրման համար անհրաժեշտ բոլոր պայմանները։ Ներկայում Ուկրաինայի համար ԵՄ-ի ամենադժվար պահանջն օրինագծի ընդունումն է, որը Յուլյա Տիմոշենկոյին թույլ կտա մեկնել արտասահման՝ բուժվելու։ Միաժամանակ Ուկրաինան ուժեղ ճնշման է ենթարկվում Ռուսաստանի կողմից, որպեսզի ԵՄ-ի հետ համաձայնագիրը չստորագրվի։ Կրեմլը ցանկանում է, որ փոխարենը Ուկրաինան միանա Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի Մաքսային միությանը, որում Մոսկվան Եվրամիությանը հակակշիռ է տեսնում։

Արևելյան գործընկերության մասնակից Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 3-ին Մոսկվայում Ռուսաստանի նախագահ Վլադիմի Պուտինի հետ հանդիպումից հետո հայտարարեց, որ Հայաստանը որոշել է մտնել Ռուսաստանի, Ղազախստանի և Բելառուսի Մաքսային միությունը և հետագայում մասնակցել Եվրասիական տնտեսական միությանը:

Մեկնաբանել