ԱՄՆ Պետքարտուղարության մամուլի խոսնակ Ջեն Փսակին նոյեմբերի 19-ին հայտարարությամբ է հանդես եկել Վիեննայում Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանը և Իլհամ Ալիևի հանդիպման կապակցությամբ:
Պետքարտուղարության հայտարարությունում մասնավորապես ասված է. «Միացյալ Նահանգները ողջունում է Վիեննայում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների այսօրվա հանդիպումը` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո: Մենք բարձր ենք գնահատում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների այս առաջին քայլը և ողջունում, որ նրանք համաձայնել են կրկին հանդիպել առաջիկա ամիսներին:
Սա նրանց առաջին հանդիպումն էր գրեթե վերջին երկու տարվա ընթացքում, այս գագաթաժողովը կարևոր քայլ է երկխոսության վերսկսման համար և վկայում է երկու առաջնորդների հանձնառությունը` վերջ դնելու Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը: Որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր Ռուսաստանի և Ֆրանսիայի հետ` ԱՄՆ-ն կոչ է անում երկու նախագահներին ակտիվ աշխատանք տանել հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ, ինչը ծանր կորուստներ է պատճառել ժողովուրդներին բոլոր կողմերում»:
Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման ավարտին ԵԱՀԿ Մինսկի խմբի տարածած հաղորդագրությունում մասնավորապես ասված էր. «Նախագահները համաձայնել են թափ հաղորդել հետագա բանակցություններին՝ ուղղված խաղաղ կարգավորման ձեռքբերմանը և հանձնարարել են իրենց արտաքին գործերի նախարարներին՝ համանախագահների հետ միասին, արվածի հիման վրա շարունակել աշխատանքը՝ խաղաղ գործընթացի ակտիվացման նպատակով: Նրանք պայմանավորվել են կրկին հանդիպել առաջիկա ամիսներին»: