Ճապոնական շատ ընկերություններում գործում է արտադրության կազմակերպման «Կայզեն» մշակույթը: Դա մի փիլիսոփայություն է, որը արտադրության և դրա կատարելագործման գործընթացում ապահովում է ընկերության յուրաքանչյուր աշխատակցի մասնակցությունը:
Օրերս ճապոնական Japan Tobacco International ընկերությունը կազմակերպել էր հայ լրագրողների այցը Ուկրաինայի Կրեմենչուկ քաղաքում գտնվող իր գործարան, որտեղ 2002-ից ներդրվել է այդ փիլիսոփայությունը: Այն սկսել է տարածվել Ուկրաինայում գործող այլ ընկերություններում ևս։ 2011թ. հիմնադրվել է «Կայզեն» ակումբ, որին անդամակցում են ինչպես ուկրաինական, այնպես էլ արտասահմանյան ընկերություններ:
Այս փիլիսոփայության կիրառումը գործնականում ցուցադրելու համար պարբերաբար կազմակերպվում են այցեր Կրեմենչուկի գործարան, որոնցից մեկն էլ հայ լրագրողների այցն էր:
Գործարանի գլխավոր տնօրեն Սերգեյ Լավրիկովն ասաց, որ իրենց համար հիմնական երեք արժեքներ են նախաձեռնությունը, թափանցիկությունը և ինքնակատարելագործումը։ Ըստ նրա՝ «Կայզեն» փիլիսոփայության մեջ կա այսպես կոչված՝ համակարգային առաջարկի հասկացությունը: «Մեր գործարանը Japan Tobacco International-ի բոլոր գործարանների շարքում առաջարկների մասով զբաղեցնում է առաջին տեղը, և դրանով շատ հպարտ ենք»,- ասաց նա՝ հավելելով, որ գործարանում դրվում են նպատակներ, մշակվում է եռամյա պլանավորում և անընդհատ տեղի է ունենում ինքնակատարելագործում: «Դա արվում է ոչ միայն արտադրության գործընթացում, այլև վաճառքների և կառավարման ոլորտներում»,- նշեց Լավրիկովը։
2011թ. գործարանում ներդրվել է առաջարկների գրանցման էլեկտրոնային համակարգ, որը յուրաքանչյուր աշխատակցի թույլ է տալիս տեսնել առաջարկները և ցանկացած պահի գրառել սեփական առաջարկը: Աշխատակցի ամենօրյա մոտիվացիան ժամանակակից գործարանի անբաժանելի մասն է։
«Կայզեն» փիլիսոփայության համաձայն՝ աշխատակիցն ինքն է ձգտում ինքնակատարելագործման, և որևէ մեկին պետք չէ ասել՝ ինչ անել։ Յուրաքանչյուր աշխատակիցպետք է իմանա, որ իրենով հետաքրքրված են:
Արմենակ Չատինյան, Կրեմենչուկ-Կիև
Լուսանկարում՝ Japan Tobacco International Կրեմենչուկի գործարանի տնօրեն Սերգեյ Լավրիկովը: