Ֆինանսական օժանդակությունը կավելանա տնտեսության մեծացմանը զուգահեռ

Համաձայն Համաշխարհային բանկի գործադիր տնօրենների խորհրդի կողմից նոյեմբերի 7-ին հաստատված «2014-2017 թթ. Հայաստանի գործընկերության ռազմավարության»՝ առաջիկա չորս տարիներին Հայաստանը կարող է ստանալ $873 մլն-ի ֆինանսական օժանդակություն։

Համաշխարհային բանկի Հարավային Կովկասի տարածաշրջանային տնօրեն Հենրի Քերալին ասում է, որ Հայաստանի տնտեսության մեծացմանը զուգահեռ ավելանալու է նաև ֆինանսական օժանդակությունը։ Ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը սեպտեմբերին պնդում էր, թե միջազգային ֆինանսական կազմակերպություններն այսուհետ կրճատելու են արտոնյալ պայմաններով վարկավորման ծավալները։

Հայաստանի կողմից այս տարվա սեպտեմբերին $700 մլն ծավալով արտարժութային պարտատոմսեր թողարկելու շարժառիթների թվում, ըստ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանի այն էր, որ Հայաստանը աղքատ երկրների խմբից անցում է կատարել միջին եկամուտ ունեցող երկրների խումբ։ Իսկ սա նշանակում է, որ միջազգային ֆինանսական կազմակերպություններն այսուհետ կրճատելու են արտոնյալ պայմաններով ֆինանսավորման ծավալները։

Իրականում միջազգային ֆինանսական կառույցները ոչ թե նվազեցնում, այլ ավելացնում են վարկավորման ծավալները։

Այսպես, համաձայն Համաշխարհային բանկի գործադիր տնօրենների խորհրդի կողմից նոյեմբերի 7-ին հաստատված «2014-2017 թթ. Հայաստանի գործընկերության ռազմավարության»՝ առաջիկա չորս տարիներին Հայաստանը կարող է ստանալ $873 մլն-ի ֆինանսական օժանդակություն։ Եվ սա այն դեպքում, երբ 2009-2012 թթ. Հայաստանի գործընկերության ռազմավարությունը նախատեսում էր $545 մլն ծավալով միջոցների տրամադրում։ Իհարկե, այդ ընթացքում ֆինանսավորումն ավելացավ, բայց դա պայմանավորված էր 2009թ. ճգնաժամով. ՀԲ-ն պարզապես ընդլայնեց հակաճգնաժամային վարկավորման ծավալը (2009-2013 թթ. ընդհանուր ֆինանսական օժանդակության չափը կազմել է $915 մլն)։

Նոյեմբերի 19-ի ասուլիսի ժամանակ հարցին, թե ինչո՞վ է պայմանավորված, որ մի կողմից Համաշխարհային բանկը Հայաստանում արձանագրում է տնտեսական աճ, ճգնաժամի հետևանքների հաղթահարում, անցում միջին եկամուտներով երկրների խումբ, իսկ մյուս կողմից՝ ավելացնում է ֆինանսական օժանդակության ծավալը, ՀԲ Հարավային Կովկասի տարածաշրջանային տնօրեն Հենրի Քերալին նշեց, որ բանկի աջակցությունը կախված երկրի տնտեսության չափից, և Հայաստանում տնտեսության աճին զուգահեռ ավելանում է ֆինանսավորման ծավալը։ «Հայաստանին տրամադրվող օժանդակության չափը կմեծանա Հայաստանի տնտեսության չափերի ավելացմանը զուգահեռ, մինչև աջակցության այն սահմանային շեմը, որը սահմանել է ՀԲ-ն»,- նշեց ՀԲ պաշտոնյան։

Եթե հաշվի առնենք, որ ՀԲ-ն մի կողմից շարունակելու է օժանդակել Հայաստանին (2012թ. մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ն կազմել է $3,72 հազ.), քանի որ այն ըստ բանկի մեթոդաբանության համարվում է միջինից ցածր եկամուտ ունեցող երկիր (ՀՆԱ-ն մեկ շնչի հաշվով՝ $1036-$4085), իսկ մյուս կողմից երկրի տնտեսության չափերի մեծացումը նպաստելու է ֆինանսական օժանդակության ավելացմանը, ապա ֆինանսական տեսակետից այդքան էլ հասկանալի չէր սեպտեմբերին հայկական եվրաբոնդերի թողարկումը։

Տեղաբաշխված $700 մլն ծավալով եվրաբոնդերի եկամտաբերությունը 6,25% է։ Համաշխարհային բանկի խմբի մեջ մտնող Վերակառուցման և զարգացման միջազգային բանկը Հայաստանին վարկային միջոցներ տրամադրում է լողացող տոկոսադրույքով, որն առավելագույնը հասնում է Libor+1%-ի: Անցած 13 տարիներին եղել են տարիներ, երբ 6-ամսյա Libor-ը կազմել է 6,2% (2000թ.), կամ 5,4% (2007թ.), սակայն նման բարձր տոկոսադրույքները երկարաժամկետ չեն և չեն պահպանվել մեկ տարվա ընթացքում։ Եթե նույնիսկ ենթադրենք, որ առաջիկա տարիներին տեղի է ունենալու տոկոսադրույքների աճ, միևնույն է, եվրաբոնդերի համեմատ ՀԲ-ի վարկային միջոցներն ավելի գրավիչ են։ Ընդ որում, դրանք պետք է մարվեն փուլերով, այնինչ եվրաբոնդերի մարումը միանվագ է և տեղի է ունենալու 2020թ.։

Բացի այդ, ՀԲ-ից վարկային միջոցներ ներգրավվում են հստակ ծրագրերով, բարձր է դրանց հաշվետվողականության մակարդակը։ Եվրաբոնդերի տեղաբաշխումից ներգրավված միջոցների ճակատագիրը տնօրինում է կառավարությունը։

Մեկնաբանել