Ամեն տարի նոյեմբերի 21-ը նշվում է որպես Ողջույնի համաշխարհային օր (World Hello Day) : 1973թ.՝ Սառը պատերազմի թեժ պահին, նման տոն սահմանելու գաղափարով հանդես են եկել ամերիկացի եղբայրներ Մայքլ և Բրայան Մակքոմակները:
Եղբայրների մտահղացմամբ` Եգիպտոսի և Իսրայելի միջև հակամարտության օրերին այս տոնն ուղղված էր միջազգային լարվածության ուժեղացման դեմ:
«Անհրաժեշտ է հասարակ, բայց արդյունավետ միջոց»,- որոշեցին եղբայրներն ու ողջույնի նամակներ ուղարկեցին աշխարհի տարբեր ծայրեր: Նրանք որևէ մեկին չէին պարտադրում խաղաղության համար պայքարի իրենց գաղափարը, այլ պարզապես հասցեատերերին խնդրում էին ողջունել առնվազն տասը մարդու:
Գաղափարը հավանության է արժանացել շուրջ 180 երկրում: Ողջույնի համաշխարհային օրը նշում են տարբեր մասնագիտությունների և տարիքի մարդիկ՝ քաղաքական գործիչներ, մագնատներ ու շոու բիզնեսի ներկայացուցիչներ:
Նոյեմբերի 21-ը հրաշալի օր է ընկերական ողջույնների և բարձր տրամադրության համար: