Հայաստանի տնտեսության արգելակումը կարծես դանդաղել է՝ գյուղոլորտում աճի տեմպի արագացման հաշվին։
Հայաստանի տնտեսության արգելակումը կարծես դանդաղել է՝ գյուղոլորտում աճի տեմպի արագացման հաշվին։ Այս տարվա տասն ամիսներին տնտեսական ակտիվությունը կազմել է 3,4%. ինն ամիսներին ցուցանիշը 3,2% էր, առաջին եռամսյակում՝ 8,7%, կիսամյակի կտրվածքով՝ 4,4%։
Ազգային վիճակագրական ծառայություն «ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող ընթացիկ-օպերատիվ ամփոփմամբ ստացված նախնական հիմնական մակրոտնտեսական ցուցանիշները 2013թ. հոկտեմբեր» հրապարակման համաձայն՝ այս տարվա հոկտեմբերին ամսական կտրվածքով տնտեսական ակտիվությունը կրճատվել է 13,1%-ով, այն դեպքում, երբ անցած տարվա հոկտեմբերին ամսական անկումը կազմել է 16,5%։ Տնտեսական ակտիվության անկման ավելի փոքր տեմպը նպաստել է, որ տասն ամիսների կտրվածքով, ի տարբերության ինն ամիսների, ակտիվության ցուցանիշը որոշակի աճ արձանագրի։
Այս տարվա տասն ամիսներին 2012թ. նույն ժամանակահատվածի համեմատ արդյունաբերության ոլորտում արձանագրվել է 7,8% աճ։ Ինն ամիսներին ցուցանիշը 7% էր, առաջին կիսամյակում՝ 8,3%։ Գյուղատնտեսության ոլորտում հաշվետու ժամանակահատվածում արձանագրվել է 5,9% աճ՝ ինն ամիսների 5,5%-ի դիմաց։
Ծառայության ծավալները տասն ամիսներին աճել են 2,8%-ով, նույնքան, որքան ինն ամիսներին։ Առևտրի շրջանառությունն ավելացել է 1,8%-ով՝ ինն ամիսների 2,1%-ի դիմաց։ Ծառայության և առևտրի ոլորտներում աճի տեմպի դանդաղումը աշխատավարձերի և գնաճի անհամաչափ ավելացման հետևանք է։ Այսպես, հոկտեմբերին 12-ամսյա 7,1% գնաճի պայմաններում հունվար-հոկտեմբերին միջին ամսական անվանական աշխատավարձերն աճել են 4,3%-ով՝ կազմելով 146,9 հազ. դրամ։ Տասն ամիսներին պետական համակարգում միջին աշխատավարձն ավելացել է 2,7%-ով՝ կազմելով 116,8 հազ. դրամ, մասնավոր հատվածում՝ 6,8%-ով՝ մինչև 181,1 հազ. դրամ։
Փաստացի այս տարվա տասն ամիսներին տեղի է ունեցել թե՛ պետական, թե՛ մասնավոր հատվածի աշխատակիցների գնողունակության նվազում. նման պայմաններում անհասկանալի է առևտրի և ծառայությունների ծավալների անգամ աննշան աճը։
Անհասկանալի է տասն ամիսներին գյուղատնտեսության ոլորտում աճի տեմպի արագացումը. հաշվի առնելով սեզոնայնության գործոնը, ինչպես նաև նախորդ տարիների դինամիկան, հոկտեմբերից ոլորտում տեղի է ունենում աճի տեմպի դանդաղում։
Ճյուղերը, որոնցում տասն ամիսների կտրվածքով պահպանվել է անկումը, շինարարությունն է և էլեկտրաէներգիայի արտադրությունը։ Շինարարության ոլորտում հունվար-հոկտեմբերին 2012թ. նույն ժամանակահատվածի համեմատ արձանագրվել է 8% անկում, էլեկտրաէներգիայի արտադրությունը կրճատվել է 3,9%-ով։ Վերջինս հիմնականում պայմանավորված է «գազ-էլեկտրաէներգիա» իրանա-հայկական սխեմայով Իրան էլեկտրաէներգիայի արտահանման կրճատումով։
Հունվար-հոկտեմբերին Հայաստանի արտաքին առևտրի ծավալներն ավելացել են 4,5%-ով՝ կազմելով $4,75 մլրդ։ Արտահանումը աճել է 8,7%-ով՝ կազմելով $1,2 մլրդ, ներկրումը՝ 3,2%-ով՝ մինչև $3,55 մլրդ։ Թեև արտահանման աճի տեմպը գերազանցել է ներկրմանը, հաշվետու ժամանակահատվածում ավելացել է արտաքին առևտրի բացասական հաշվեկշիռը։ Այսպես. եթե անցած տարվա հունվար-հոկտեմբերին արտաքին առևտրի բացասական հաշվեկշիռը $2,27 մլրդ էր, ապա այս տարի այն արդեն $2,32 մլրդ է։