Էրդողանն ընդգծել է Ռուսաստան-Թուրքիա երկխոսության կարևորությունը

Թուրքիայի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև բարձր մակարդակի համագործակցության խորհրդի նախորդ նիստերին շատ կարևոր քայլեր են արվել: Այս մասին ռուսական ԻՏԱՌ-ՏԱՍՍ գործակալության հետ զրույցում ասել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, որը երկօրյա պաշտոնական այցով Ռուսաստանում է:

«Էներգետիկայի ոլորտում լուրջ նվաճումներ կան, առաջընթաց կա նաև զբոսաշրջության բնագավառում: Մեր երկրների միջև առևտրաշրջանառությունը հասել է 35 մլրդ դոլարի: Մտադիր ենք ջանքեր գործադրել այդ ցուցանիշը 100 մլրդ-ի հասցնելու ուղղությամբ: «Աքքույու» հարթակում Ռուսաստանի հետ համատեղ ատոմակայան ենք կառուցում: Շինարարական աշխատանքներն արդեն սկսվել են, նախագծի իրականացման երրորդ տարին է ընթանում»,- ասել է Էրդողանը՝ հույս հայտնելով, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հաստատված անձնական հարաբերությունները դրական ապագա կունենան և երկու երկրների միջև երկխոսությունը կհանգեցնի էլ ավելի կարևոր համատեղ քայլերի ձեռնարկմանը:

Էրդողանը նաև անդրադարձել է երկու երկրների միջև այցագրային (վիզային) ռեժիմին՝ նշելով, որ այս առումով որևէ խնդիրներ չկան:

«Դա, իհարկե, ամրապնդում է մեր փոխգործակցությունը: Զգալիորեն աճել է մեր քաղաքացիների փոխադարձ այցելությունների քանակը: Այսօր Ռուսաստանից Թուրքիա է գալիս շուրջ չորս մլն զբոսաշրջիկ»,- նշել է Թուրքիայի վարչապետը:

Նոյեմբերի 21-ին մեկնարկել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի երկօրյա պաշտոնական այցը Ռուսաստան, որտեղ նա կմասնակցի Թուրքիայի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև Բարձր մակարդակի համագործակցության խորհրդին:

Մեկնաբանել