Ամերիկյան հեղինակավոր Forbes հանդեսը քննադատել է Ադրբեջանի կառավարությանը՝ այն աշխարհում ամենառեպրեսիվ ռեժիմներից մեկն անվանելով: «Ադրբեջան. առանց քաղաքական բարեփոխումների երկիր» վերնագրով հոդվածը հեղինակ Մարկ Ադոմարեսի յուրատեսակ պատասխանն է Ադրբեջանում ԱՄՆ նախկին դեսպան, ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ նախկին համանախագահ ներկայում Էստոնիայի պաշտպանության և անվտանգության միջազգային կենտրոնի ղեկավար Մեթյու Բրայզայի CNN-ի համար նոյմեբերի 14-ին տպագրած հոդվածին:
«Չնայած հանգամանքին, որ պարոն Բրայզան Ադրբեջանը Իրանում ռեֆորմիստների համար որպես օրինակ է մատնանշում, ադրբեջնական ռեժիմը ավելի խիստ է, քան ռուսականը: Սա հաստատում են նաև բազմաթիվ միջազգային իրավապաշտպան կազմակերպություններ: Ծիծաղելի է, երբ ԱՄՆ նախկին դեսպանը իրանցի ռեֆորմիստներին կոչ է անում շրջվել դեպի երկիրը, որտեղ իրավիճակն ավելի վատ է, քան Ռուսաստանում», -ասված է Forbes-ի հոդվածում:
Ադոմարեսը նշում է նաև, որ Ադրբեջանը չի կիսում արևմտյան արժեքները: Բացի այդ՝ աշխարհի ամենափակ քաղաքական համակարգերից մեկը ստեղծված է հենց Ադրբեջանում: