Ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Արթուր Օսիկյանը նոյեմբերի 21-ին ընդունել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) իրավական հարցերի և մարդու իրավունքների հանձնաժողովի զեկուցող Մայլիս Ռեփսի գլխավորած պատվիրակությանը:
Ինչպես հաղորդում են ոստիկանության մամուլի ծառայությունից, Արթուր Օսիկյանը ներկայացրել է ոստիկանության գործունեության ընթացքում մարդու իրավունքների պաշտպանության ուղղությամբ ՀՀ ոստիկանության ղեկավարության ամենօրյա ուշադրության կենտրոնում գտնվող հիմնախնդիրներն ու այդ ոլորտում իրականացվող բարեփոխումների ընթացքը:
Մասնավորապես, անդրադարձ է արվել ՀՀ ոստիկանության համակարգում գործող ձերբակալվածների պահման վայրերում պայմանների բարելավմանն ու մարդու իրավունքների պաշտպանության ուղղությամբ իրականացված զգալի աշխատանքներին, կատարված օրենսդրական փոփոխություններին, պարզաբանումներ են տրվել «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքով ոստիկանությանը վերապահված լիազորությունների և պարտականությունների վերաբերյալ, ներկայացվել ՀՀ ոստիկանության համակարգում արդեն իսկ գործող կարգապահական հանձնաժողովի կազմավորման և գործունեության իրավական հիմքերն ու հանձնաժողովին վերապահված գործառույթները:
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր: