«Հայաստանի էլցանցերի» աշխատակիցները պահանջում են գլխավոր տնօրենի հրաժարականը

Լուսանկարը` Panorama.am-ի, ՀԷՑ աշխատակիցների ցույցը, նոյեմբերի 21, 2013

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» (ՀԷՑ) ընկերության աշխատակիցները, որոնց նոյեմբերի 18-ին հայտնել էին աշխատանքից ազատվելու մասին, պահանջում են գլխավոր տնօրեն Եվգենի Բիբինի հրաժարականը և իրենց աշխատատեղերի վերականգնումը. այս մասին նոյեմբերի 22-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեցին ընկերության «Խոշոր սպառողների սպասարկման» դեպարտամենտի աշխատակիցներ Վալերի Սարգսյանն ու Համբարձում Մելիքյանը: Նրանք նշեցին, որ ներկայացնում են դեպարտամենտի 41 աշխատակիցների տեսակետը: Նոյեմբերի 18-ին վերջիններիս տեղեկացրել էին, որ իրենց դեպարտամենտը փակվում է, և նրանք ազատված են աշխատանքից:

«Նոյեմբերի 22-ի առավոտյան Բիբինը մեզ ասել է, որ բոլորիս հետ աշխատանքային նոր պայմանագիր է կապելու, սակայն մենք չենք հավատում, քանի որ 2011թ., երբ մասնաճյուղերից մեկը դարձավ դեպարտամենտ, կրկին աշխատանքից զրկվեցին մարդիկ, որոնց կրկին աշխատանք խոստացվեց, բայց մինչև այսօր նրանք դեռ աշխատանք չունեն»,- ասաց Համբարձում Մելիքյանը` տարօրինակ համարելով նաև այն, որ սկզբի օրերին 41-ից 5 հոգու են աշխատանք առաջարկել, հետո` 10 և միայն նոյեմբերի 22-ի առավոտյան այն բոլորին խոստացվել է:

ՀԷՑ-ի աշխատակիցների կարծիքով` իրենց նոր պայմանագիր է խոստացվում իրենց իսկ ճնշումների պատճառով:

Վալերի Սարգսյանը, որն ընկերությունում աշխատում է 2000-ից և տեխնիկական գիտությունների թեկնածու է, նշեց, որ իրենց համար վիրավորական է այն, որ աշխատանքից ազատվելու մասին լուրը հայտնվել է անակնկալ ձևով, ինչը բարոյալքել է բոլորին:

«Նոյեմբերի 21-ի առավոտյան հարցին, թե ինչու է նման որոշում կայացվել, ղեկավարները մեզ պատասխանեցին, որ օպտիմալացում, վերազինում է լինելու: Սակայն կատարվող օպտիմալացումը կապ չունի մինչ այդ մեր կողմից կատարվող աշխատանքի հետ»,- ասաց Վալերի Սարգսյանը` նշելով, որ ղեկավարները միգուցե այլ խնդիրներ են լուծում և այդ պատճառով են նման կրճատումներ են լինում: Նրանք արձանագրեցին, որ սկզբունքորեն դեմ չեն կատարվող բարեփոխումներին, սակայն այս ձևով խախտվում են իրենց իրավունքները:

Համբարձում Մելիքյանը, որը Անկախ պետությունների համագործակցության վաստակավոր էներգետիկի կոչում ունի, ասաց, որ ընկերության հետ ունեն կնքած պայմանագիր, որը ամեն տարի թարմացվում է, սակայն այս տարի չգիտե` կթարմացվի, թե` ոչ:

Բանախոսները նշեցին, որ նոր աշխատանքի պայմանագրերը դեռ իրենց չեն փոխանցվել, և պայմաններին ծանոթանալուց հետո միայն կպատասխանեն` կաշխատեն նոր պաշտոններում, թե` ոչ:

Նոյեմբերի 21-ին այս նույն աշխատակիցները բողոքի ակցիա էին անցկացրել «ՀԷՑ»-ի դիմաց` Եվգենի Բիբինի հրաժարականի պահանջով:

Անի Գրիգորյան

Մեկնաբանել