Թուրքիայում Սայաթ Նովայի և քամանչայի մասին ֆիլմ կնկարահանվի

Թուրքիայում Tursu.tv կայքը սկսել է նոր վավերագրական ֆիլմի նկարահանումները, որը պատմելու է տարածաշրջանում մեծ տարածում ունեցող քամանչա երաժշտական գործիքի և դրա ժողովրդականացման գործում մեծ դեր ունեցած աշուղ Սայաթ-Նովայի մասին: Նկարահանումներն անցնելու են Հայաստանում, Թուրքիայում, Վրաստանում, Ադրբեջանում և Իրանում, հայտնում է Demokrathaber-ը:
Ֆիլմի նկարահանումների նախաձեռնող խմբի անդամներն են պրոդյուսեր՝ Արիս Նալջը, ռեժիսոր՝ Էրհան Արըք, օպերատոր՝ Արամ Դիլդար, խորհրդատուներ՝ Պողոս Եղիազար և Բագրատ Էստուկյան: Էրհան Արըքը և Արիս Նալջըն նախկինում նկարահանել են «Ավտոբուս» վավերագրական ֆիլմը, որը պատմում է Թուրքիայից Հայաստան եկած զբոսաշրջիկների տպավորությունների մասին:
Նախատեսվում է Սայաթ Նովայի և քամանչայի մասին պատմող վավերագրական ֆիլմի նկարահանումներն ավարտել մինչև 2014թ. մարտ ամիսը:
Demokrathaber-ը հիշեցնում է, որ Սայաթ Նովայի ծննդյան 300-ամյակի կապակցությամբ 2012թ. նոյեմբերին Թուրքիայի Մշակույթի և զբոսաշրջության նախարարությունը հայտարարել էր, թե Սայթ-Նովային նվիրված գիրք է հրատարակվելու: Չնայած դրան՝ այս ուղղությամբ որևէ քայլ չի իրականացվել, գրում է կայքը:
Civilnet










