Իրանի էներգետիկայի նախարար Համիդ Չիթչիանը Հայաստանի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանի հետ հանդիպմանը, 22-ը նոյեմբերի, Երևան:
Թեև Իրան–Հայաստան 400 կՎ երրորդ երկշղթա էլեկտրահաղորդման գծի շինարարության հիմնարկեքը տրվել է 2010-ին, իսկ Մեղրի հէկ–ինը՝ անցած տարի, Իրանի էներգետիկայի նախարար Համիդ Չիթչիանը հայտարարում է, որ այսօր կարևոր է այս նախագծերում հնարավորինս շուտ գործնական փուլի անցնել։
Նոյեմբերի 22-ին Իրանի էներգետիկայի նախարար Համիդ Չիթչիանի գլխավորած պատվիրակությանն ընդունել է Հայաստանի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը: Ըստ նախարարության հաղորդագրության՝ հանդիպման ընթացքում Մովսիսյանը նշել է, որ Հայաստանի և Իրանի միջև չկա քաղաքական որևէ խնդիր և կողմերի ջանքերն ամբողջությամբ ուղղված են տնտեսական ու մշակութային դաշտում համագործակցությունն ընդլայնելուն և զարգացնելուն։ «Մենք ունենք համագործակցության մեծ ներուժ, և պետք է ամեն ինչ անենք այդ ներուժը լիարժեք օգտագործելու համար, քանի որ մեր ծրագրերն ուղղված են երկու երկրների տնտեսական զարգացմանը»,- ասել է նախարարը:
Իրանի էներգետիկայի նախարար Համիդ Չիթչիանը իր հերթին հույս է հայտնել, որ Իրանի և Հայաստանի միջև բարեկամության ներքո հնարավոր կլինի էլ ավելի զարգացնել կապերն ու լիարժեք օգտագործել առկա ներուժը։ «Այսօր կարևոր է հնարավորինս շուտ գործնական փուլի անցնել երկու խոշոր ծրագրերի՝ Մեղրի հէկ-ի և երրորդ բարձրավոլտ գծի շինարարության հարցում»,- ընդգծել է Իրանի էներգետիկայի նախարարը։
Հանդիպման ընթացքում հայ և իրանցի էներգետիկները քննարկել են համատեղ ծրագրերին վերաբերող հարցեր, էլեկտրաէներգետիկայի բնագավառում տարածաշրջանային համագործակցության խնդիրներ։
Ի դեպ, Իրան-Հայաստան 400 կՎ երրորդ երկշղթա էլեկտրահաղորդման գծի շինարարության հիմնարկեքի արարողությունը տեղի է ունեցել 2010թ. հոկտեմբերի 15-ին, աշխատանքները նախատեսվում էր ավարտել 18 ամսից. էլեկտրահաղորդման գիծն առ այսօր պատրաստ չէ։
Մեղրի հէկ-ի հիմնարկեքը կատարվել է անցած տարվա նոյեմբերին՝ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի մասնակցությամբ։ Այստեղ աշխատանքներ գրեթե չեն իրականացվում։
Այս երկու նախագծերն էլ ֆինանսավորում է իրանական կողմը։ Էլեկտրահաղորդման գծի շինարարությանը, որը գնահատվել էր €107,9 մլն, ֆինանսավորելու էր իրանական «Զարգացման, արտահանման բանկը»։ Մեղրի հէկ-ի ծրագրում ներդրումները գնահատվել են $323 մլն, այն ևս ամբողջության ֆինանսավորելու էր իրանական կողմը։ Հէկը պետք է ունենա 130 ՄՎտ հաշվարկային հզորություն, տարեկան արտադրի 793 մլն կՎտ/ժ էլեկտրաէներգիա։