Թուրքիայի միակ հայկական գյուղի՝ Վաքըֆլիի համայնքի ղեկավար Ջեմ Չափարին առաջին անգամ հանդիպեցի Ադանայում Թուրքիայի Տնտեսական և սոցիալական հետազոտությունների կենտրոնի կազմակերպած միջազգային կոնֆերանսի ժամանակ: Փորձում էի տեղեկանալ գյուղի վիճակի, հայապահպանության, հայերենի ուսուցման խնդիրների մասին: Այն ժամանակ դեռ ամուրի Ջեմն ամենից ավելի կարևորում էր հայ երիտասարդների ամուսնության խնդիրը և ցավում էր փոքրաթիվ և միմյանց հետ ազգակցական կապերով կապված գյուղում հայ թեկնածու գտնելու անասելի դժվարության համար:
Այդ մի քանի օրվա ընթացքում Ջեմին ավելի մոտիկից ճանաչելով՝ զգում էի, որ նա իսկապես երազում էր հայ հարսնացուի մասին, որ իր երեխաները մեծանային հայերեն խոսելով և հայ մայրիկով: Նա փոքր հասակում բաժանվելով ընտանիքից՝ հասել էր Թուրքիայի մյուս ծայրը՝ Ստամբուլ, հայկական Դպրեվանք գիշերօթիկ վարժարանում ստացել հայեցի կրթություն, այնուհետև ավարտել համալսարան: Այս բոլոր դժվարությունները հաղթահարվել էին, որպեսզի նա մայրենի լեզվով կրթվեր և առնչվեր հայկական մշակույթին:
Հասնելով իր նպատակին, Ջեմը թողել էր Ստամբուլի հմայքները, վերադարձել էր իր հայրենի գյուղ՝ շարունակելու հայապահպանության գործը: Մի քանի օր առաջ կրկին խոսեցինք Ջեմի հետ:
Այսօր Ջեմն ամուսնանալով ստամբուլաբնակ հայ լրագրող Լորա Բայթարի հետ՝ շարունակում է ապրել հայրենի գյուղում: Մեր ժամանակներում հիրավի հազվագյուտ և ողջունելի քայլ:
Ներկայում ոչ միայն Վաքըֆլիում, այլև Ստամբուլում բավական լուրջ խնդիր է հայ երիտասարդների ամուսնությունը, քանի որ հայերենի նախկին կարևորությունը կորցնելու պայմաններում ծնողները չեն ցանկանում երեխաներին հայկական վարժարաններ ուղարկել, և երեխան չի կարողանում հայկական շրջապատ ձեռք բերել: Ուսանող ժամանակ կամ աշխատանքի բերումով ստեղծված ծանոթությունները հաճախ ավարտվում են սիրահարությամբ և ամուսնությամբ:
Մի քանի տասնամյակ առաջ հայի ամուսնությունը ոչ թե թուրքի, այլև նույնիսկ հույնի հետ, համարվում էր ողբերգություն: Նման զույգը լիովին մեկուսացվում էր հայկական շրջապատից, դառնում էր ընտանիքի ամոթը և խայտառակությունը:
Ներկայում ծնողների հակազդեցությունները շատ են տարբերվում. մեծ մասը թուրքերի հետ ամուսնությունը համարում է անցանկանալի, բայց ընդունելի, որոշները՝ ընդունելի, նույնիսկ ցանկալի, մի փոքր մասն էլ, անընդունելի համարելով, խզում է կապը իրենց երեխաների հետ, որը վերականգնվում է թոռան ծնունդից հետո:
Պոլսի հայոց պատրիարք արքեպիսկոպոս Մութաֆյանը ժամանակին այն հարցին, թե ինչպես է վերաբերվում թուրքերի հետ ամուսնություններին, ասել էր հետևյալը. «Մենք՝ հայերս, Թուրքիայում կարծես թե մի փոքր նավով փորձում ենք անցնել օվկիանոսը և չխորտակվել: Օվկիանոսում վտանգները շատ են…»: Երևի խառն ամուսնությունների անցանկալի, սակայն անխուսափելի լինելու պարագան բացատրված էր:
Այսօր իսկապես դժվար է միանշանակ գնահատական տալ խառն ամուսնություններին և շատ հաճախ նույնիսկ դրական գնահատել ներհամայնքային ամուսնությունները ելնելով դրանց հայապահպանման բնույթից: Այսինքն՝ հայի հայի հետ ամուսնությունը ցավոք միշտ չէ, որ նպաստում է հայապահպանմանը: Հայ համայնքի շատ ներկայացուցիչներ նույնիսկ տներում հայախոս չեն, երեխաները հայկական անուններ չեն կրում, հայկական վարժարան չեն գնում, հեռու են եկեղեցուց, որը հայագիտակցության պահպանման միակ օջախն է, ընտանիքը ապաքաղաքականացված է, չի ուզում լսել «ցեղասպանություն» բառը, չի ուզում խոսել թուրքական կառավարության սխալների մասին և իր ու Հայաստանի ու հայության մեջ որևէ ընդհանուր բան չի գտնում:
Մյուս կողմից էլ հանդիպում են հայ-թուրք զույգեր, որոնք ավելի մոտ են հայկական մշակույթին, երեխաները կրում են հայկական անուններ, նույնիսկ թուրք մայրիկը փորձում է հայերեն սովորել, իրենց արձակուրդն անցկացնում են Հայաստանում: Նման զույգերից ոմանք նույնիսկ Սուրբ Պսակի են արժանանում հայկական եկեղեցիներում: Նման ամուսնությունից ծնված երեխան իրավունք է ստանում Մկրտություն ստանալու:
Մի պահ թվում է, թե այնքան էլ անհեթեթ չէ ամուսնանալ այն թուրքի հետ, որը որոշ հայերից ավելի է կարևորում հայկական մշակույթն ու լեզուն և օգնում է, որպեսզի երեխան որպես հայ դաստիարակվի: Սակայն նկատի ունենալով հոգեկան բավարարվածության կարևորությունը՝ հիշում եմ Ստամբուլի հայկական «Ժամանակ» օրաթերթի խմբագիր Արա Գոչունյանի հստակ պատասխանը թուրք լրագրողի՝ «խնդիր կլինի արդյո՞ք նրա համար թուրքի հետ ամուսնանալը» հարցին: Արան, մի կողմ թողնելով պոլսահային բնորոշ դիվանագիտությունը և լրագրողական հնարքները, անկեղծորեն ասաց. «Ես կուզեմ Սուրբ Ծնունդին և Սուրբ Զատիկին և նման այլ օրերի կարողանալ իմ կեսի հետ նույն հրճվանքը և նույն ուրախությունը ապրել: Ինձ համար դա է ամուսնությունը»: